Հայերեն


«Ֆսյո, էսի մեռավ». մանրամասներ կուրսանտի դաժան սպանությունից

Հասարակություն

1in.am / Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը դեռևս վկաների հարցաքննության փուլում է:

Նիստի սկզբում նախագահողը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Նորիկ Սահակյանի մայրը դիմել է գլխավոր դատախազին: Նա խնդրել է անօրինական կերպով կալանքի տակ պահվող իր որդուն ազատել կալանքից և ուղարկել «առաջին գիծ»՝ ծառայության: Մայրը գրել է՝ թեկուզ որդին զոհվի «առաջին գծում», բայց գոնե իմանա, թե ինչի համար է զոհվել:

Այս դիմումը ուղարկվել էր զինդատախազություն, այնտեղից էլ ուղարկել էին դատարան:

Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտնեց, թե դիմումի բովանդակությանը ծանոթ չէ, ժամանակ խնդրեց ծանոթանալու համար:

Փոքրիկ ընդմիջումից հետո պաշտպանը դիմումի հարցը թողեց դատարանի հայեցողությանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանն ասաց, որ դիմողը դատավարության կողմ չէ, գլխավոր դատախազին ուղղված նրա դիմումը դատարանում քննարկվել չի կարող:

Դատարանը ևս արձանագրեց, որ ամբաստանյալ Նորիկ Սահակյանի ծնողը դատավարության կողմ չէ, նրա դիմումը չի կարող քննարկվել: Ըստ էության՝ դատախազությունն էր պարտավոր դիմումատուին պատասխանել:

Հարցաքննվեց վկա Հովհաննես Պետրոսյանը: Նա ներկայումս Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի կուրսանտ է, իսկ դեպքի պահին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել է նույն մարտկոցում, որտեղ՝ տուժողն ու ամբաստանյալները և քնել է նույն՝ 408 ննջարանում, որտեղ քնում էր տուժող Հայկազ Բարսեղյանը, և որտեղ, ըստ մեղադրանքի, նրան սպանել էին:

Վկան սկսեց ցուցմունք տալ, բայց չկարողացավ խոսել, խնդրեց կարճ ընդմիջում տալ՝ ասելով, թե հուզմունքից չի կարողանում խոսել:

Ընդմիջումից հետո վկան հայտնեց, որ դեպքի օրը ճաշարանում միջադեպ էր եղել Հայկազ Բարսեղյանի ու Կարեն Բաղրամյանի միջև: Կարենը «կուլտուրական» չէր ուտում, Հայկազը նրան անընդհատ դիտողություն էր անում: Վկան ճաշել է նրանց հետ նույն սեղանի շուրջ:

Հայկազի ու Կարենի վիճաբանությանը միջամտել է Վաչե Սահակյանը, նկատողություն է արել:

Այնուհետև, երբ կուրսանտները հեռուստացույց էին դիտում, ննջարանում Հայկազի ու Կարենի միջև քաշքշոց է եղել: Նրանց գոռգոռոցը լսելով՝ կուրսանտները, այդ թվում՝ վկան, գնացել են ննջարան: Վկան տեսել է, որ Հայկազը թաց անձեռոցիկով սրբում է բերանի հատվածը: Վկան անձեռոցիկի վրա արյուն է տեսել, հասկացել է, որ Հայկազն ու Կարենը կռվել են:

Գիշերը, երբ ննջարանում քնած էին, վկան արթնացել է ինչ-որ ձայներից: Տեսել է, որ կարծես թե՝երկու հոգի, այդ թվում՝ Գնել Թևոսյանը, մտել են ննջարան: Գնելը մոտեցել է Հայկազի անկողնուն ու ասել է. «Հլը հելի, արա՛, խոսալու բան կա»:

Հայկազը պատասխանել է, որ ինքը նրանց հետ խոսելու բան չունի: «Մենք ունենք»,- ասել է Գնելը:

Հայկազն այդ ժամանակ անկողնում պառկած էր: Նա շորերը հանել էր, սպիտակեղենով էր: Նա դուրս է եկել Գնելի հետևից, մի քանի րոպե անց անհասցե հայհոյելով ներս է մտել ու նորից պառկել է իր անկողնում:

Ննջարանից դուրս է եկել կուրսանտ Օհանջանյանը, քիչ անց վերադարձել է:

Եվս մի քանի րոպե անց ննջարան են մտել չորս հոգի: Վկան ասաց, որ ինքը պառկած էր աջ կողքի վրա, իրեն տեսանելի էր, թե ինչ է կատարվում սենյակում, Հայկազի մահճակալը երևում էր ամբողջությամբ, ու ինքը պնդում է, որ այդ չորսը հենց չորս ամբաստանյալներն էին՝ Գնելը, Նորիկը, Վաչեն ու Մովսեսը:

Նրանք գնացել են դեպի Հայկազի մահճակալը:

Վկան ասաց, թե այդ չորսին ճանաչել է «կազմվածքով, խոսակցությունով, ձայներով» ու վստահ է, որ հենց նրանք էին: «Նրանք չնկատեցին, որ ես նայում էի»,- ասաց վկան ու նշեց, որ ինքն ամբողջ ընթացքում անշարժ է մնացել և նայել է:

Սենյակում գիշերային հերթապահ թույլ լուսավորություն էր, և լույս էր ընկնում միջանցքից:

Վաչեն ու Մովսեսը մնացել են Հայկազի ոտքերի մոտ, իսկ Գնելն ու Նորիկը կանգնել են գլխավերևում: Վաչեն ու Մովսեսը ձեռքերով սեղմել-պահել են Հայկազի ոտքերը, որ նա չդիմադրի ու չշարժվի, Նորիկը փակել է Հայկազի բերանի, որ ձայնը չլսվի, ու բռնել է մի ձեռքը, իսկ Գնելը բռնել է Հայկազի մի ձեռքը ու իր մյուս ձեռքով հարվածել է: Նրանք հարվածել ու հայհոյել են Հայկազին:

Հայկազը, ըստ վկայի, հայհոյում էր, ապա նրա ձայնը խլացել է, վկան ասաց, որ նրա բերանը փակել են բարձով:

Հետո Գնելը, ըստ վկայի, աջ ձեռքով կտրուկ շարժում է արել՝ վերևից ներքև: Նա ձախ ձեռքով բռնել էր Հայկազի ձեռքը, իսկ աջ ձեռքով կտրուկ շարժում է արել, որից հետո Հայկազը չի շարժվել ու ձայն չի հանել. «Հայկազը հանգստացավ, անշարժացավ»:

Հետո Հայկազին շոր են հագցրել: Դրանից առաջ Նորիկը կամ Գնելը ասել են՝ բուշլատի թելերը հանեք, ինչ-որ մեկն ասել է՝ թելերը դուրս չեն գալիս: Գնելն ասել է՝ «Գլխիկները կտրի, կհելնեն»: Թելերը հանել են: Նորիկն ու Գնելը Հայկազին հագցրել են, բուշլատը գցել են վրան և դուրս են բերել ննջարանից՝ նրա թևերից բռնած: Հագցնելու ժամանակ Հայկազին նստեցրել են անկողնում: Հայկազն ինքնուրույն նստած չէր, նրան բռնել էին: Նրան բուշլատ են հագցրել, իսկ ներքևից՝ վկան լավ չի տեսել, թե ինչ կար Հայկազի հագին, երբ դուրս էին բերում: Դուրս բերելու ժամանակ Հայկազի դեմքը դեպի սենյակի ներսն էր, իսկ Նորիկի ու Գնելի դեմքերը՝ դեպի դուրս:

Վկան ասաց. «Ինձ թվաց՝ բուժկետ են տանում…»:

Հայկազին դուրս բերելուց որոշ ժամանակ անց ննջարան է մտել Գնելը ու «քֆուր» է դրել կատարվածի մասին հայտնողի վրա…

Հետո, ըստ վկայի, ննջարան է մտել Մովսեսը, նա տետր է վերցրել պահարանից, ասել է, թե կարող է կեղծել Հայկազի ձեռագիրը ու կարող է գրել ինքնասպանի երկտող:

Վկան ասաց, թե չի հասկացել՝ ինչպես է քնել: Արթնացել է առավոտյան «վերկացին»:

Սամվելը մոտեցել է Հայկազի անկողնուն, տեսել է անկողինն արյունոտ է, Հայկազը չկա:

Ինքը գնացել ու կանչել է Վաչե Սահակյանին՝ որպես սերժանտի: «Ես կարծես ամեն բան մոռացել էի…»:

Վկան նշեց, որ Հայկազի նկատմամբ ոտնձգության պահին անկողնում տապ է արել ու ձայն չի հանել վախից. «Վախեցել եմ իրարանցումից, գործողություններից… Գնելի ձեռքի շարժումից հետո Հայկազը չէր շարժվում, դրանից էի վախեցել… Նախկինում ծեծկռտուք տեսել եմ, բայց էդ աստիճանի չի եղել, չի եղել, որ կողմերից մեկը անշարժանա… »:

Առավոտյան, ըստ վկայի, ինքը կարծես լիովին մոռացել էր, թե գիշերն ինչ է պատահել: Հիշողությունը վերականգնվել է աստիճանաբար: Ժամանակի ընթացքում է ամբողջը հիշել:

Վկան նշեց, որ 2 օր ռազմական ոստիկանությունում են եղել մի խումբ կուրսանտներով: Չի քնել ու չի կերել այդ ընթացքում: Գտնվել է միջանցքում: Սկզբնական հարց տվողներին ասել է, թե ոչինչ չի տեսել, ոչինչ չի հիշում, դեպքի մասին միայն առավոտյան է իմացել…

Նախագահողը հարցրեց՝ երկու օր չուտելն ու չքնելը ազդե՞լ են ձեր ցուցմունքների վրա: Վկան ասաց՝ ոչ: Նա ասաց, որ իր կամ մյուսների նկատմամբ վատ վերաբերմունք չի տեսել, իր վախը ռազմական ոստիկանությունում իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից չէր, ոչ էլ՝ սովից կամ անքնությունից: Դրանց վկան «ըմբռնումով էր մոտենում», որովհետև սպանության գործ պիտի բացահայտվեր:

Վկան նշեց, թե ինքը համաձայն է եղել, որ իր նկատմամբ պաշտպանական միջոց կիրառվի, քանի որ վախեցած էր, չէր ուզում, որ իր վրա որևէ մեկն ազդի՝ մեղադրյալների կողմից, ու չէր ցանկանում վերադառնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Էդ ամեն ինչը տեսնելուց հետո չէի ուզում վերադառնալ»:

Նա ութ ու կես ամիս եղել է պաշտպանության տակ՝ ռազմական ոստիկանությունում: Հետո ընդունվել է Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ:

Հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ էական հակասություններ կային վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև:

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ Հայկազի ու Կարեն Բաղրամյանի կոնֆլիկտի ժամանակ միջամտած Վաչե Սահակյանն ասել է, թե Հայկազի ու Բաղրամյանի սեղանի շուրջ նստող ու Բաղրամյանի ուտելու ձևից դժգոհ բոլոր կուրսանտները պիտի պատասխան տան, նա ասել է, որ այդ հարցն ինքը կլուծի:

Երբ գիշերը Հայկազին դուրս են կանչել Գնելն ու մյուսները, Հայկազը կարճ ժամանակ անց անհասցե հայհոյելով վերադարձել է ննջարան ու ասել է. «Ի՞նչ են ուզում ինձանից էս…»:

Դրանից մոտ քսան րոպե անց ննջարան են մտել չորս հոգին՝ Գնելը, Նորիկը, Վաչեն, Մովսեսը: Ինքն աչքի տակով թաքուն հետևել է անկողնուց:

Նրանք հայհոյել ու ծեծել են անկողնում պառկած Հայկազին: Հայկազն էլ է հայհոյել ու ասել է. «Էս ուզում եք ինձ սպանած լինե՞ք»: Գնելը ձեռքով կտրուկ շարժում է արել: Հայկազն ասել է «Վա՜խ»: Նրա ձայնը խլացել է, նրա բերանը փակել էին բարձով: Սկզբում, ըստ վկայի, Հայկազը շարժվում ու դիմադրում էր, հետո անշարժացել է:

Նախաքննական սկզբնական ցուցմունքում վկան ասել է, թե Հայկազին սենյակից դուրս են բերել չորսով՝ գետնից բոլորովին կտրած՝ ոտքերից ու ձեռքերից բռնած: Մուտքի դռան մոտ Մովսեսն ու Վաչեն Հայկազի ոտքերը դրել են գետնին, Մովսեսը բացել է դուռը, նա ու Վաչեն դուրս են եկել, հետո Գնելն ու Նորիկը Հայկազի թևերից բռնած՝ դուրս են բերել: Վկան ասել է՝ Հայկազն անգիտակից էր կամ սպանված: Եթե չբռնեին, նա կընկներ գետնին…

Հետագա ցուցմունքներում վկան ճշտել է, որ Հայկազին հագցրել ու սենյակից դուրս են բերել Գնելն ու Նորիկը, իսկ Մովսեսն ու Վաչեն ավելի շուտ են սենյակից դուրս եկել:

Վկան դատարանում, պատասխանելով Վաչե Սահակյանի շահերի պաշտպան Ա. Նադիրյանի հարցերին, նշեց, թե սկզբում շփոթմունքից է ասել, որ չորսով են դուրս բերել Հայկազին: Նա դատարանում պնդեց, որ Հայկազին սենյակից դուրս են բերել երկուսը՝ Նորիկն ու Գնելը…

Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, որ Հայկազին դուրս բերելուց կես ժամ հետո սենյակ է մտել Գնելը ու ասել է. «Հելեք հլը սաղդ, արա՛»: Բոլորն արթնացել կամ ցույց են տվել, թե նոր արթնացան ու նայել են Գնելին: Գնելն ասել է. «Ով սրա վրով բան ասի…»՝ ու հայհոյանք է դրել՝ «քֆուր ա ֆռացրել»: Նա նաև սպառնացել է, որ եթե մեկնումեկը ինչ-որ բան ասի, ինքը «որտեղից ուզում ա, ոնց ուզում ա, գետնի տակից էլ լինի՝ ճարելու ա ու…»՝ էլի հայհոյանք:

Առավոտյան իրենց ննջարանում քնող Սամվելը մոտեցել է Հայկազի անկողնուն, «ադյալը» մի կողմ է տարել ու ասել է. «Վա՜յ, հո՛րս արև, էս ի՞նչ ա»:

Նախաքննական ցուցմունքներում վկան աստիճանաբար ավելի ու ավելի մանրամասներ է ներկայացրել: Նա ասել է, որ երբ Գնելը ձեռքով կտրուկ շարժում է արել, Հայկազը փսխել ու անշարժացել է, Վաչեն ասել է. «Ֆսյո, էսի մեռավ»:

Վաչե Սահակյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկա Հովհաննեսը պնդել է, որ Վաչեն ասել է այս խոսքերը, որ նա եղել է ննջարան մտած չորսից մեկը. «Ես Վաչեին տեսել եմ իմ աչքով, ճանաչել եմ կազմվածքից, դեմքից…»:

Վկան նշել է, որ երբ Վաչեն ասել է՝ «էսի մեռավ», Նորիկ Սահակյանն առաջարկել է նրան տանել ու «բալգոնից ցած գցել»:

Գնելն ասել է. «Չէ, կջոգեն, պալիտ կլնենք»:

Հետո Վաչեն առաջարկել է. «Նենց անենք՝ յանի ինքնասպան ա էղել»: Որոշել են Հայկազի անունից երկտող գրել: Պահարանից Հայկազի տետրն են վերցրել, որ ձեռագիրը կեղծեն:

Վկան նշել է, որ սկզբում Գնելը Նորիկին ասել է. «Նորո՛, բերանը փակի»: Հետո կտրուկ շարժում է արել՝ ըստ վկայի՝ կտրել է Հայկազի ձեռքի երակները: Հայկազն այդ ժամանակ ասել է՝ վախ:

Վաչեի հետ առերես հարցաքննության ժամանակ վկան ասել է. «Ով որ մեղավոր ա, թող ինքն էլ պատժվի… Վաչե՛, հիմա որ Հայկազի հերը գա, ասի՝ խի՞ եք սպանել , ի՞նչ պիտի ասես, սպանելուց չէի՞ր մտածում…»:

Վաչեն հարցրել է. «Եթե մենք տենց բան էինք անում, ինչո՞ւ ձեն չհանեցիր»:

Վկա Հովհաննեսը պատասխանել է. «Առաջինը՝ վախեցած էի: Չգիտեի՝ ինձ հե՞տ ինչ կլինի, եթե ձեն հանեմ, կարող ա նույն բանն էլ իմ հետ լիներ…»:

Վաչեն հարցրել է. «Ձեռդ դիր, ապե՛ր, խղճիդ, հաստա՞տ՝ ինձ ես տեսել»:

Վկա Հովհաննեսը պատասխանել է. «Էդ հարցը քեզ եմ տալու… Արել ես, պիտի պատժվես… Ես չեմ խաբում… Դու ոտքերը պահել ես, Հայկազի՝ հետ տալուց հետո ասել ես՝ ֆսյո, էսի մեռավ: Հետո Գնելն էկավ, քֆուր ֆռացրեց… Հետո դու ու Գնելն եք մտել ննջարան, ինչ-որ բան էիք ման գալիս Հայկազի անկողնում, քո ձեռքից բան ընկավ, Գնելը հարցրեց՝ ի՞նչ էր: Դու ասիր՝ գրիչի միջուկ էր, ոչինչ, թող մնա ընկած, կմտածեն՝ Հայկազի ձեռից ա ընկել…»:

Վաչեն հարցրել է. «Տենց բեսամթ վախեցած էիր ու հետո քունդ տարա՞վ… Ես ընդունա՞կ եմ մարդ սպանելու»:

Վկան պատասխանել է. «Հա, չեմ հասկացել՝ ոնց եմ քնել… Եթե բանը հասել ա դրան, ուրեմն՝ ընդունակ ես էղել…»:

Վկայի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, երբ վկային հարցեր էր տալիս Վաչե Սահակյանի շահերի պաշտպան Ա. Նադիրյանը, Վաչեն տեղից անվայել արտահայտություն արեց, որը լսեց նախագահողը: Նա դատական սանկցիա կիրառեց Վաչե Սահակյանի նկատմամբ ու հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

Գնել Թևոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկա Հովհաննեսը պնդել է իր ցուցմունքները, ասել է, որ Գնելի ձեռքի կտրուկ շարժումից հետո Հայկազն անշարժացել է… Հետո Գնելը մտել է ննջարան, «քֆուր է ֆռացրել»…

Վկա Հովհաննեսն իր ցուցմունքները պնդել է նաև Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ:

Մովսեսը նրան ասել է. «Անգիր արած էդ բառերը ումի՞ց ես սովորել»:

Վկան ասել է. «Ինչ որ կատարվել ա՝ էդ եմ ասում»:

Մովսեսն ասել է. «Քո տեղից մինչև սպայական սենյակ քանի՞ մետր էր, եթե տեղից վեր կենայի որ վազեիր, ոչ մեկը հետևիցդ չէր հասնի, ինչո՞ւ պառկած մնացիր… Դուռակ ե՞ս, որ չէիր միջամտում»:

Վկան ասել է. «Ես համոզված չէի, որ դուրս գամ, ինձ էլ դրսում մեկնումեկը չի սպանի… Քո արածները չես քննադատում, ի՞նձ ես քննադատում, որ սենյակից դուրս չեմ եկել…»:

Մովսեսն ասել է. «Ուժըս կինո ես պատմում, էդքանից հետո կարայի՞ր քնեիր, պարզա, որ հեքիաթ ա…»:

Վկան ասել է. «Ո՞վ պետք ա մեզ անգիր արած բառեր սովորեցներ…»:

Վկան դատարանում պնդեց, որ իրեն նախաքննության ընթացքում ոչ ոք չի ուղղորդել: Հայկազի բուշլատի թելերը հանել է Նորիկ Սահակյանը:

Վկան ընդունեց, որ ցուցմունքի ժամանակ կարող է՝ մեկ-երկու բառով քննիչն իրեն օգնած լինի, բայց նա իրեն չի ուղղորդել ու չի թելադրել:

Ամբաստանյալ Մովսես Ազարյանի շահերի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը հարցրեց՝ նախաքննական ցուցմունքում վկան գրել է՝ Վաչեն ու Մովսեսը Հայկազի ոտքերը բռնեցին ու դրանք «գամելով» անկողնուն՝ անշարժացրին. վկան հասկանո՞ւմ է՝ ի՞նչ է նշանակում «գամել»:

Վկան պատասխանեց. «Գամել՝ նշանակում է սեղմել»: Եվ՝ այո, ինքը գրել է, որ մինչև որովայնը Հայկազը ծածկված էր ադյալով, Վաչեն ու Մովսեսը նրա ոտքերից՝ ազդրերից ու ծնկներից մի քիչ ներքևից բռնել են ադյալի վրայից ու սեղմել են, որ Հայկազը չշարժվի ու չդիմադրի…

Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը՝ այն վկա կուրսանտների, ովքեր գիշերը գտնվել են նույն ննջարանում ու անկողնում տապ արած են եղել, երբ իրենց կողքին պառկած Հայկազի նկատմամբ բռնություն էր գործադրվում…

 

Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան Անցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. Նարեկ Կարապետյան «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ» Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին«Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնումԵկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը և Իրանը մոտ են պшտերազմի դադարեցման մասին հուշագրի ստորագրմանը. Axios Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԹող կարտոֆիլի աճման պրոցեսի մասին մտածի․ Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Խոշոր հրդեհ՝ Թեհրանի առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. ԶախարովաՆորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը
Ամենադիտված