Հայերեն


«Ասաց՝ մա՛մ, մի նեղվի, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ». սերժանտ Շահեն Սիրեկանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շահենս դեռ մանկուց շատ հանգիստ բնավորություն ուներ և սիրում էր իր նման հանգիստ և լուրջ մարդկանց հետ շփվել: Պատասխանատու էր իր արարքների համար, նույն կերպ վարվելու խորհուրդ էր տալիս նաև եղբորը՝ եղի՛ր կարգապահ, պատասխանատու, որ կյանքում ամենաճիշտ քայլերն անես: Նույն կերպ իրեն ծառայության ամիսներին է դրսևորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Շահենի մայրիկը:

Նշում է՝ որդին եղել է դպրոցի պարծանքը, սիրելին, հենց առաջին օրվանից եղել է շատ սիրված ու հարգված դպրոցում: «Երբ դպրոց էի մտնում, հպարտությունս այլ էր: Եղել է շատ խելացի, ընդունակ, բայց նաև ծույլ՝ սովորելու տեսանկյունից: Սակայն մեծ եռանդ ուներ և գիտելիքներով հարուստ էր իմ տղան: Երբ ասում էի՝ սովորի՛ր, արձագանքում էր՝ սովորել եմ, բայց գիրքը չէր բացում, չնայած որ գնում էր դպրոց և բարձր գնահատականներով վերադառնում: Հինգ տարեկանից նկարել է: Դպրոցում իր նկարած աշխատանքներից կար փակցված, բանակից զանգում էր՝ մա՛մ, իմ նկարածը հանե՞լ են, թե՞ դեռ փակցրած է: Եղբոր հետ ֆուտբոլի էին հաճախում, բայց հետո կիսատ թողեց: Ի դեպ, եղբայրը՝ Կարենը, իր հետ նույն զորամասում է ծառայել, Շահենը եղբորն ասաց՝ դիմում գրի և արի մեր զորամաս»:

Շահենը սովորել է Աբովյանի քոլեջում, ուսումնասիրել ծրագրավորում: Մայրիկն ասում է՝ նաև աստղագիտությունն էր սիրում. «Ասում էի՝ դու աստղաբան ես լինելու, իմ տղա: Ու այդպես էլ գնաց երկինք»: Շահենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 16-ին, ծառայում էր Կապանում: «Քոլեջն ավարտելուց հետո պետք է 2020 թ.-ին զորակոչվեր բանակ, բայց քանի որ պատերազմ էր, զորակոչը հետաձգվեց: Մտադիր էր զորացրվելուց հետո աշխատել, նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ցանկություն ուներ: Ցանկանում էր էլ ավելի կատարելագործվել ծրագրավորման ոլորտում: Շատ նպատակներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին»: Երբ հարցնում եմ՝ ընտանիքը չունե՞ր անհանգստություն, երբ պատերազմից հետո իրենց որդին պետք է մեկներ ծառայության, տիկին Արմինեն հիշողություններով անցյալ է տեղափոխվում. «44-օրյա պատերազմն սկսվել էր, մի օր Շահենս ընկերոջ հետ տուն եկավ, զրուցում էինք: Հետո նա մի պահ դուրս եկավ, իսկ ընկերն ինձ ասաց՝ Արմինե քուրիկ, Շահենից զգույշ եղեք, գնացել է զինկոմիսարիատ, ասել՝ անունս գրեք ու ինձ տարեք ռազմի դաշտ: Նեղվեցի, ասաց՝ մա՛մ, ոչ մի տղայից լավը չեմ: Այդքանով թեման ամփոփեցինք: Վախը սրտումս էր, երբ մեկնում էր ծառայության, բայց երբեք չէի մտածի, որ մեզ հետ նման բան կպատահի: Շահենը չէր վախենում, հանգիստ էր: Միշտ ասում էր՝ մա՛մ, տղեն պիտի ծառայի, որ կայուն մեծանա:

Ծառայության օրերին էլ երբեք չի տրտնջացել՝ իր սիրելի խոսքն էր՝ «մա՛մ, սաղ տոչնի ա»: Ու ես էլ համոզված էի, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իրար հետ շատ էինք զրուցում, միշտ ինձ հետ կապի մեջ էր, իր ձայնը պիտի լսեի: Երբ գիշերը կարող էի իրեն զանգահարել ու տրտնջալ անգամ, միշտ ասում էր՝ մա՛մ, դու արթո՞ւն ես, բա ես ինչի՞ եմ այստեղ կանգնել, որ դու պիտի արթուն լինես»: Շահենը սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, հրետանավոր, հրաշալի տիրապետում էր իր զենքին: «Զորամասում իրեն բոլորը սիրել են, անգամ առաջարկել էին շարունակել ծառայությունը: Պարբերաբար քննություններ է հանձնել, խրախուսանքներով վերադարձել զորամաս: Իրեն անգամ հեռուստացույցով են ցույց տվել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ միաժամանակ մի քանի ուղղությամբ: Շատերը դա ռազմական գործողություն, ագրեսիա են անվանում, բայց դա չդադարող պատերազմի հերթական փուլն էր, դա պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը մինչ կեսգիշերին մոտ մայր ու որդի զրուցել են: Մոտ մեկ ժամ տևած զրույցը վերջինն էր, մայրիկն այդ մասին չգիտեր, իսկ Շահենը գուցե կանխազգացում ուներ:

«Ամեն ինչից զրուցել ենք, բոլորից հարցրել է: Իրենց դիրքում փոքրիկ շունիկ էին պահում, անգամ այդ շունիկից պատմեց: 23:30-ին անջատեցինք հեռախոսը, դա մեր վերջին բարի գիշերն էր ու զրույցը»: Րոպեներ անց Շահենն արդեն պատերազմի մեջ էր: Իսկ մայրիկն առավոտյան իմացավ, որ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, իսկ եթե ավելի ճիշտ՝ պատերազմ է: Տիկին Արմինեն ասում է, որ որդու ձայնի մեջ տագնապ, անգամ անհանգստություն չի որսացել, և իր համար դա այնքան ցավոտ է: «Ասում են, որ արդեն դիվերսիոն խմբեր են եղել մեր երկրի տարածքում, բայց իմ տղան որևէ կերպ ցույց չի տվել իր անհանգստությունը կամ վտանգի զգացողությունը: Ինչպե՞ս կարող էր ինձ ոչինչ չասել, կամ էլ ես չզգայի: Իր հետ հավասար ծառայել եմ: Կիսվում էր ինձ հետ, ամեն ինչ պատմում: Ու մեր զրույցներից յուրաքանչյուրի ժամանակ ես իր անսահման ուժն էի զգում: Սեպտեմբերի 13-ի առավոտյան լուսադեմին կրտսեր տղաս զանգեց զորամասից՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Միանգամից անջատեցի ու զանգեցի Շահենին, մի քանի անգամ զանգեցի, զանգն անջատում էին: Մինչև ժամը 8-ը զանգահարել եմ, իսկ հետո նրա հեռախոսն անհասանելի դարձավ: Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ դարձավ անհասանելի՝ որդիս արդեն անմահացա՞ծ էր, հեռախոսը լիցքավորում չունե՞ր, թե՞... Այդ «թե»-երն ինձ շատ են տանջում»: Շահենն անմահացել է սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդի թիվ N դիրքում:

«Օրեր շարունակ իրենից ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Մեզ ասում էին, որ տղաներն անտառներում են, թաքնված են: Բայց չէի հավատում, իմ տղան ինձ ինչ-որ լուր կտար, չգիտեմ էլ, թե ինչպես, բայց կտար: Փախչող չէր, իրեն ասում էի՝ Շա՛հ ջան, որ պատերազմ լինի, կփախնես, ասում էր՝ մա՛մ ջան, ինձ ուշադիր նայի, ես փախնո՞ղ տղա եմ: Բայց տղաներն ունեցել են այդ հնարավորությունը: Մեզ հետո ուրիշ տղաներ փոխանցեցին, որոնք իջել էին դիրքերից՝ «իրենց ասել ենք՝ դուք էլ իջեք, փախեք», բայց տղաներն արձագանքել են՝ որ փախչենք, մեր թիկունքն ո՞վ է պահելու, հետ նայեք: Սեպտեմբերի 30-ին մեզ հայտնեցին, որ Շահենի ԴՆԹ-ն հաստատվել է: Այդ օրը Շահենս պետք է տանը լիներ, ոչ թե դիրքերում: Ամբողջ զորամասից չորս լավագույն զինվորի՝ Շահենիս, Հակոբին և ևս երկու զինծառայողի, տարել էին Մեղրի քննություն հանձնելու: Սեպտեմբերի 9-ին զանգեց՝ մա՛մ, խրախուսանքով տուն եմ գալիս: Տասն օրով արձակուրդ էին տվել, տղաս տուն էր գալիս, ուրախացել էի: Բայց նույն օրվա երեկոյան էլի զանգեց՝ մա՛մ, մեզ նորից դիրքեր են բարձրացնում, ասացին՝ կիջնեք, հետո կգնաք տուն: Շահենս պատերազմի օրը պետք է տանը լիներ: Նեղվել էի շատ, ասաց՝ մի նեղվի, մա՛մ, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ… Իր խրախուսանքը մնաց իր գրպանում»:

Պատերազմներն անպատասխան հարցեր են թողնում, բայց պատասխանները գուցե էլ ավելի մեծ ցավ պատճառեն, ի՞նչ իմանաս: Դեռ պետք է եղած ցավի հետ կռիվ տալ: Շահենի հեռախոսը, ձեռքի ժամացույցը, զինգրքույկը նրա ընտանիքին չեն հասել: Այս մասին խոսելիս մայրիկը հուզվեց, չէ՞ որ որդիների անմահանալուց հետո նրանց իրերը մայրերի համար սուրբ մասունք են դառնում: Իսկ վերջում՝ ապրելու ու կյանքը շարունակելու ուժի մասին: «Խելագարի նման եմ սիրել Շահիս: Ամեն անգամ, երբ ուժասպառ եմ լինում ու չեմ ուզում ապրել, հետ եմ նայում ու մյուս որդուս տեսնում: Երբ մեկ-մեկ ասում եմ՝ երանի գնամ Շահենիս մոտ, տղաս ասում է՝ մա՛մ, բա ե՞ս»:

Հ. Գ. - Սերժանտ Շահեն Սիրեկանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
Ամենադիտված