Հայերեն


Հայաստանի ձախողումների պտտօղակը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության օրակարգի» միֆը

Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում։ Դրա վկայությունն այն է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը ոչինչ չի ստացել, իսկ մինչ այդ հակառակորդի ախորժակն ավելի է բացվում։ Մեր պետությունը միայն անընդհատ զիջումներ կատարելու ուղի է որդեգրել։ Պարզ է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի նոր կապիտուլյացիան է, որին էլ որոշ ժամանակ անց պետք է հետևի մեկ այլ կապիտուլյացիա։ Եվ, ի տարբերություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որն, ըստ էության, առաջին կապիտուլ յացիոն փաստաթուղթն էր, այս անգամ արդեն Բաքվից Հայաստանին նոր պահանջներ են պարտադրվում։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմից նշում են, թե խաղաղության պայամանագիրը կնքվելու է իրենց առաջարկներին համապատասխան։ Իսկ վերջերս էլ Ալիևը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հոխորտաց Հայաստանի հասցեին և պարզորոշ կերպով ցույց տվեց, որ Ադրբեջանը շարունակելու է տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն բարձրացնում Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունների թեման, այլև տևականորեն միայն «խաղաղության օրակարգի» մասին են խոսում։

Այնինչ, Ալիևի վերջին հայտարարության մեջ գեթ մեկ անգամ «խաղաղություն» բառը չհնչեց, ինչը ցույց է տալիս, որ իրականում խաղաղության գործընթաց չկա, այլ գործ ունենք միայն պարտադրանքի հետ։ Պարզ է, որ խաղաղության գործընթացը պետք է ենթադրեր որոշակի փոխհամաձայնություններ, փոխադարձ զիջումներ, սակայն Ալիևը ցույց տվեց, որ հայկական կողմի ոչ մի առաջարկ իրենց համար կտրականապես ընդունելի չէ։ Ու, ինչպես փորձը ցույց է տալիս, ադրբեջանական մի պահանջին փոխարինելու է մյուսը։ Այսինքն, երբ Հայաստանը զիջի, ապա նոր զիջումներ են պահանջվելու։ Մյուս կողմից էլ՝ այս համատեքստում Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ նոր ագրեսիայի է պատրաստվում, եթե Հայաստանը չկատարի իր պահանջները։ Հենց դրանով է պայմանավորված, որ այս փուլում Ադրբեջանը սպառազինությունների մեծ խմբաքանակ է ձեռք բերում։ Եվ մամուլում պարբերաբար հանդիպում ենք դեպի Ադրբեջան սպառազինությունների տեղափոխման ու չվերթների մասին փաստերի։

Ակնհայտ իրողություններ

Պետք է ծայրաստիճան անհեռատես լինել պարզ իրողությունները չտեսնելու և իրադարձությունների ընթացքը չհասկանալու համար։ Որևէ մեկը կարո՞ղ է բերել գեթ մեկ փաստ, որ Ադրբեջանի համար ընդունելի է եղել հայկական կողմի որևէ էական առաջարկ։ Երբ Հայաստանը ինչ-որ առաջարկ է առաջ քաշել, Ադրբեջանը կա՛մ մերժել է, կա՛մ էլ դրա հակաառաջարկն է առաջ մղել։ Հենց նույն տրամաբանության շրջանակներում է, որ Բաքուն մերժում է զորքերի հայելային հետքաշման, ճանապարհների ապաշրջափակման ու 1975 թվականի քարտեզներով սահմանագծում կատարելու առաջարկները։ Սակայն այս պայմաններում Փաշինյանը նոր առաջարկ է հնչեցնում. առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման պայմանագիր կնքել։ Սակայն ի սկզբանե պարզ է, որ Ադրբեջանը չի ընդունելու այդ առաջարկը, իսկ Բաքվի պահանջն այն է, որ Հայաստանը բանակ չունենա։

Քանի որ Փաշինյանը իդեալական կերպով իր հանգրվանին հասցրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործը, ապա Բաքվում համոզված են, որ, հանուն իր իշխանության պահպանման, նա ընդունակ է մյուս պահանջները ևս գլուխը կախ իրականացնել։ Այս անգամ Փաշինյանը գոնե համարձակություն ունեցավ արձագանքել Ալիևի հայտարարություններին՝ նշելով, թե դրանք հարված են խաղաղության գործընթացին։ Բայց առկա պայմաններում խաղաղության մասին խոսակցությունն ուղղակի ժամանակի վատնում է, քանի որ խաղաղության գործընթաց չի էլ եղել։ Միաժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի ինքնախոստովանություն արեց, որ ձախողել է իր, այսպես ասած, «խաղաղության օրակարգը», որով փափուկ բարձ էր դնում ժողովրդի գլխի տակ։ Եվ այդպիսով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր իշխանությունը վաղուց սպառվել է բոլոր առումներով։ Բանակցային հարթակում ինքը չկա, գոյություն չունի, ըստ այդմ, իր պատճառով նաև Հայաստանն էլ չկա։

Արտաքին քաղաքական ձախողման առանցքը

Եթե որևէ պետության ղեկավար մյուս ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ հավակնություններ է ներկայացնում կամ խախտում է տարածքային ամբողջականությունը, ապա, որպես կանոն, դրան հետևում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը։ Բայց ադրբեջանական զինված ուժերն այսօր գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ Ալիևը Հայաստանի տարածքի նկատմամբ կոնկրետ հավակնություններ է ներկայացնում, ու միջազգային հանրության կողմից որևէ հակազդեցություն չկա։ Օրինակ՝ Ալիևի վերջին հայտարարություններից հետո Արևմուտքից նշում են, որ իրենք հավատում են, թե հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատել։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն արցախահայության նկատմամբ իրագործված ակնհայտ հանցագործությունների պարագայում հայտարարում է, թե չկա որևէ փաստաթուղթ, որը ցույց կտա, թե էթնիկ զտումներ են տեղի ունեցել։

Ու ամենազարմանալին այն է, որ ագրեսիվ ու հանցագործ պետությունը միջազգային հարաբերություններում ոչ միայն ընդունելություն է գտնում, այլ նրան վստահվում է այնպիսի խոշոր միջոցառման կազմակերպումն, ինչպիսին այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն («COP29») է։ Այս ամենը նաև Հայաստանի արտաքին քաղաքական կշռի մասին է վկայում։ Կա՞ որևէ լուրջ արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը Հայաստանը հաջողել է, միանշանակ չկա։ Ադրբեջանը չեղածից ու կեղծիքներից իրողություններ է ստեղծում, իսկ հայկական կողմն իր ձեռքում ունեցած կոնկրետ փաստերը չի կարողանում օգտագործել։ Հետո էլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ հայտարարում է, թե դրամական պարգև է խոստանում նրան, ով նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը գտնի։ Իբր որ Լաչինի միջանցքի մասին նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված էր, մի՞թե դա խոչընդոտեց Ադրբեջանին փակել այն, ապա հայաթափել Արցախը։ Պարզ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն Ադրբեջանն ինչպես ցանկանում, այնպես էլ մեկնաբանում է, բայց, միևնույն ժամանակ, պարզ է նաև, որ Փաշինյանն իր ձեռքով է ստորագրել այդ փաստաթուղթը, որի մեջ ներառված է եղել կետ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի մասին՝Բաքվի շահարկումների համար առիթ ստեղծելով։

«Հայրենասիրություն-կախիչ» մոդելը

Այն պարագայում, երբ տարբեր պատասխանատու կառույցներ ու գերատեսչություններ են գործում պետության կողմից նախաձեռնված աշխատանքներին հետևելու ու դրա արդյունքները ստուգելու համար, Փաշինյանը սկսել է ցուցադրաբար մարզեր այցելել, ստուգել կախիչները, զուգարանները, ցնցուղները և այլն։ Ու այս ամենից մի այնպիսի մեծ աղմուկ է բարձրացվում, որ տպավորություն է առաջանում, թե երկրի վարչապետն անձամբ է ապօրինությունների դեմ պայքարում։ Ու ահա, քպականների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձեց որոշակի պարզաբանումներ ներկայացնել այդ կապակցությամբ։ Նա նշեց, թե կախիչներից են սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները։ Ու Փաշինյանը կախիչների հարցը կապեց հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի հետ՝ ընդգծելով, թե հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, ըստ այդմ էլ կարևոր է, որ ամեն մի աշխատող կամ պատասխանատու իր տեղում աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով կատարի։ Բայց Փաշինյանի խոսքերը հակասում են իր քայլերին։ Մի՞թե ինքը չէր, որ ինչքան ոչ կոմպետենտ մարդ կար, որ ընդհանրապես գաղափար չուներ պետական ապարատի կամ կառավարման մասին, բերեց, տեղավորեց պետական կառավարման ամենաբարձր օղակներում։

Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի համար ո՛չ մասնագիտությունը նշանակություն ունի, ո՛չ էլ ունեցած փորձը։ Նրա կադրային քաղաքականությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Դրա արդյունքում էլ Գյումրիից Երևան քայլելու համար իր համախոհները ամենաբարձր պաշտոնները ստացան։ Ու այդ մարդիկ, արդյունքներ չգրանցելով հանդերձ, այսօր շատ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգի ավելի ներքևի օղակներում հանգրվանած պրոֆեսիոնալները ոչ միայն քիչ են վարձատրվում, այլև ստիպված են կատարել նրանց անտրամաբանական հրահանգները։ Չնայած զարամանալ պետք չէ, քանի որ Փաշինյանն ինքն էլ ոչ կոմպետենտ է: Բայց պետք է ընդունել, որ մի գործում՝ գոնե շոուներ սարքելու ու մանիպուլ յացիների հարցում, վաղուց մեծ մասնագետ է։ Եթե Փաշինյանն իրոք անկեղծ է, պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը մեծ ուշադրություն է դարձնում, ինչո՞ւ այնպիսի քաղաքականություն վարեց, որը ճանապարհ բացեց բանակի թուլացման ու վարկաբեկման համար։

Ինչքան քիչ թե շատ փորձ ունեցող զինվորականներ ու սպաներ կային, իշխանությունների կողմից վարկաբեկվեցին, իսկ զինված ուժերի համակարգը հասցվեց ելակի մակարդակի։ Կամ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանն ուշադրություն է դարձնում զուգարանների ապակիներին, սակայն չի մտածում այն մասին, որ առանց հրթիռների կործանիչների ձեռք բերումը մեզ համար ոչ մի հարց չի լուծում։ Նույնը վերաբերում է Հորդանանից դուրս գրված «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգերի ձեռք բերմանը։ Դեռևս 2019 թվականին բազմաթիվ փորձագետներ այս համակարգերը անվանում էին մետաղի ջարդոն՝ պնդելով, որ այն չի կարող պաշտպանել Հայաստանի կամ Արցախի օդը։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն իրենց աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքում փուշ են ման գալիս։ Հետո էլ Փաշինյանը պետականությունից է ճառում, հայտարարում է, թե մեր հայրենիքը պետք է տեղավորվի մեր պետականության շրջանակներում, որը մեր պատասխանատվության տակ է։ Բայց իրենց մեղքով այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այսօր կանգնած ենք մեր ինքնիշխանությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ։ Կարճ ասած՝ Փաշինյանը փորձում է իբր այդպիսով վարկանիշ հավաքել, բայց դրա փոխարեն մեր պետությունն է հանձնում թշնամուն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ
Ամենադիտված