Հայերեն


«Մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար». Սերժ Սարգսյան

Քաղաքականություն

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական` 17-րդ համագումարում և մաղթում արդյունավետ աշխատանք:

Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, քանի որ մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ այն տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունն ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների, և մեզ` հանրապետականներիս համար, որ կանգնած ենք եղել Հայաստանի անկախության պայքարի ակունքներում ու առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթությունները:

Այսօր մենք հնարավորություն, ես կասեի՝ պարտավորություն, ունենք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունները, ազնիվ գնահատականներ հնչեցնելու և խոսելու մեր պետության ու կուսակցության ապագայի մասին:

Հարգելի´ գործընկերներ,

Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ, լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ:

Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել: Ուստի, առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառն իրականությունը:

- Իսկ իրականությունն այն է, որ այսօր Հայաստանից մեկնում ու այլևս չի վերադառնում ամեն 5-րդ ուղևորը, և «ռեկորդային» ցուցանիշ է: Իհարկե, բառիս բացասական իմաստով: Ուզում եմ մեկ րոպե փորձեք պատկերացնել աղետի աստիճանը:

Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում:

- Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին:

- Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 35 հազար արցախցի կամ 8 հազարից ավելի ընտանիք անօթևան մնացին, նրանց բնակավայրերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ: Սա զուտ վիճակագրություն չէ, այլ մարդիկ են, ճակատագրեր, թշնամուն թողնված ընտանեկան գերեզմանատուն, մանկության հուշեր, տարիների կորցրած վաստակ ու վտանգված ինքնություն:

- Իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում 5000 ընտանիքներ կորցրին իրենց հույսը, շատերը՝ իրենց տան միակ կերակրողին, իրենց ապրելու նպատակը: 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին: Եվ այս ժողովրդագրական ողբերգությանը գումարվեց համավարակի աղետը, որը հազարավոր անմեղ կյանքեր խլեց` որպես հետևանք թողելով մեզ մտածելու դառը թվեր, խեղված ճակատագրեր: 2020թ. վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են: Սա ևս մեծ աղետ է: Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը` թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին, սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին որպես դասալքություն ներկայացնելով, իսկ առողջապահական համակարգի կառավարման անկարողությունը՝ որպես միջազգային նորմ:

Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6.3 տոկոսով:

- Իրականությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբևէ, բևեռացված է, հուսալքված ու վիրավորված: Այսօր, ըստ հարցումների, հասարակության մոտ 70%-ը առհասարակ մերժում է հետևել քաղաքական գործընթացներին: Այսօր մարդիկ մերժում են առերեսվել իրականության հետ՝ որպես ինքնապաշտպանական բնազդ և նախընտրում են անտարբերությունը: Կարո՞ղ ենք արդյոք մեղադրել մեր հայրենակիցներին հուսալքության համար: Կարողացե՞լ ենք արդյոք մենք էլ մեր հերթին մեր գործողություններով հույս վառել նրանց սրտերում: Այս հարցում մենք մեր պատասխանատվության բաժինն ունենք, որի մասին, անշուշտ, կխոսենք:

- Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ մեծ զոհողությունների գնով ձեռք բերված պետական անվտանգությունը, դիվանագիտական, պաշտպանական և ոչ պակաս կարևոր թվային սուվերենությունը խարխլված են:

- Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ մենք ազգային ինքնությամբ պետություն ենք: Կարող են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել այսպես կոչված թվային մատրիցայի մեջ, որտեղ մածունը սև է, իսկ քաղաքական առաջնորդը բանակցային հաղթանակներ է տոնում զուտ մի խեթ հայացքով: Բայց այս ամենը չի կարող երկար տևել: Չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել, չի կարելի ծանր կացության մեջ հայտնված հուսալքված մարդկանց վահան դարձնել` պաշտպանվելու ցանկացած ռացիոնալ խոսքից ու ողջամտությունից:

- Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի արդյունքում մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը: Ո՞վ է մարդը առանց արժանապատվության: Ուզում եմ հիշեցնել, որ արժանապատվությունը սոսկ բառ չէ: Այն մարդու անօտարելի իրավունքն է: Մեր հայրենակիցներից փորձում են խլել այս իրավունքը` կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում: Երբ քաղաքական ընդդիմախոսներին և նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից: Երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են հերթերում ժամերով սպասեցնելով: Երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող զինվորների ապահովության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել: Ի դեպ, սա ճիշտ նույն այն հիմնադրամն է, որի ստեղծման համար մենք գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության արժանացանք, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը: Արժանապատվությունն անօտարելի իրավունք է, իսկ վերջինիս կորուստը անտարբեր ու բարոյալքված հասարակություն է ծնում, որը դառնում է անկարող` գործելու անգամ սեփական անվտանգության բնազդի դիրքերից:

Կապիտուլյացիայի հոգեբանությունը քայքայող հասարակական հետևանքներ է ունենում:

Սա է մեր դառն իրականությունը, որի բարձրաձայնումը ցավ է պատճառում, իսկ այս իրականությունում ապրելը ուղակի խենթացնում է մարդկանց: Բայց մենք պիտի խոսենք խնդիրների մասին՝ ոչ թե ողբի, այլ ապաքինման համար: Ապաքինման ՀՈՒՅՍՈՎ, եթե կուզեք: Մեր երկրի ապաքինման հույսի ճանապարհին մենք պարտավոր ենք խորքային վերլուծության ենթարկել խնդիրները` ազնվորեն ու խիզախությամբ ընդունելով մեղքի մեր բաժինն ու հույսի ճանապարհի համար պատասխանատվության մեր խաչը վերցնելով:

Այսօր և այստեղ ուզում եմ ձեզ հետ շատ բաց և շիտակ լինել, եթե կուզեք՝ խոցելիության աստիճանի: Ահա կանգնած եմ ձեր առջև անձնական կորուստների ու հարվածների ցավը չհաղթահարած, բայց գիտակցումով ու պատասխանատվությամբ, որ դեպի անդունդ գլորվող մեր անկախ պետականության ճանապարհի այս հատվածում անկարելի է սեփական ցավով օտարանալը: Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես:

Իմ զինակից ընկերների, այս դահլիճում գտնվող ձեզնից շատերի ծնողների հետ մենք կյանքի ու մահվան մի ամբողջ ճանապարհ ենք անցել, որտեղ մարտի դաշտում զոհված ամեն մի զինվորի հետ մահացել ենք ու պաշտպանած ամեն մի բարձունքի հետ կյանք ստացել:

Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևավորվող թաքուն սպասումն ու ոգևորությունը, թե՝ «Արցախը հանձնենք, լավ կապրենք», քայքայեց ու կործանեց մեր երեսնամյա անկախության հիմքերը: Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը` որպես անկախ պետական միավոր: Եվ սա հասկանալու համար, ցավոք, մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի մի ամբողջ արյունալի պատերազմով՝ սա հասկանալու համար:

Այսօր աշխարհում 85 ազգեր կան, որ 3-ից 30 միլիոն բնակչություն ունեն, լեզու, մշակույթ, կրոն ունեն, բայց պետություն չունեն: Ի՞նչ է, մենք ուզում ենք համալրե՞լ նրանց շարքերը, մոռանա՞լ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր մեր եղբայրների ու քույրերի արյունը:

Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ Հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ: Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր է արձանագրել, որ երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում: Ինչպե՞ս չկարողացանք հստակ բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը: Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում:

Հարգելի´ գործընկերներ,

Այս համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է: Այսօր և այստեղ մենք, որպես քաղաքական ուժ, ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն ենք ազդարարելու, մեր ընտրությունների արդյունքներով հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն: Նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում: Թվում է, թե վերջին երեք տարիներին մենք անցել ենք ամենածանր փորձությունների միջով, բայց ոչ, սիրելի՛ կուսակից ընկերներ, ինքներդ էլ հասկանում եք, որ դրանք անցյալում չեն մնացել. մեզ և մեր երկրին ու ժողովրդին պատուհասած փորձությունները չեն ավարտվել, և մենք, որպես քաղաքական ուժ, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու, առանց վհատվելու պայքարելու երկիրն ու մեր երեխաների ապագան կործանման տանող դավաճան ստահակների դեմ: Այստեղ նստած յուրաքանչյուրդ և այս դահլիճից դուրս գտնվող մեր հազարավոր հանրապետական ընկերները պետք է հարց տան իրենք իրենց և ազնվորեն պատասխանեն` պատրա՞ստ են զոհողությունների: Կուսակցությունում մնալու պայմանը պետք է լինի նրանց պատասխանը`

Այո՛, պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին.

Այո՛, պատրաստ ենք աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում.

Այո՛, պատրաստ ենք մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից.

-Այո՛, պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին»:

Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան
Ամենադիտված