Հայերեն


«Նա պետք է ինձ սիրի` իմ թերություններով նաև». Սիսիան Սեփանյանն անկեղծացել է

Life
 

 

 

Թեհրանից Հայաստան ժամանած երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանին միանգամից նկատեցին և՛ հայ ռեժիսորները, և՛ հայ հանդիսատեսը: Երիտասարդ դերասանը մինչև 19 տարեկանն ապրել է Թեհրանում, դերասանի մասնագիտությունը ձեռք է բերել այնտեղ՝ ավարտել «7-րդ արվեստ» դերասանական ինստիտուտ-քոլեջը: Այնուհետև տեղափոխվել է Երևան, որտեղ որոշել է ձեռք բերել երկրորդ մասնագիտություն: Tert.am Life-ի հետ զրույցում Սիսիանը պատմեց Թեհրանից Երևան տեղափոխվելու, այստեղ ունեցած դժվարությունների և ապագայի ծրագրերի մասին։

 

- Սիսիան, առաջին մասնագիտությամբ դերասան եք: Ինչո՞ւ ընտրեցիք հենց դերասանի մասնագիտությունը: Ձեր ընտանիքում դերասաններ կա՞ն։

 

- Մեր ընտանիքում և նախնիների մեջ ոչ մի դերասան չի եղել: Ես մանուկ հասակից ներգրավված եմ եղել թատերական խմբերում, ասմունքել եմ: Մոտ 6 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի ասմունքի մրցույթի և գրավեցի առաջին տեղը: Հայրս շատ լավ ասմունքող է, իրենից ոգեշնչված սկսեցի ասմունքել և մեջս սեր առաջացավ դեպի պոեզիան: Ավելի քան 3 տարի ասմունքի փառատոնների մասնակցելուց հետո իրանահայ ռեժիսորներից մեկն ինձ նկատեց և հրավիրեց իր թատերախումբ: Այստեղից սկսվեց իմ, այսպես ասած, թատերական կյանքը: Առաջին դերս եղել է գլխավոր կերպարը՝ խաղացել եմ «Սուտլիկ որսկանը» ներկայացման մեջ: Սովորելուս տարիներին նկարահանվել եմ ուսանողական գործերում՝ կարճամետրաժ ֆիլմերում: Բազմաթիվ ներկայացումներում եմ ներգրավված եղել: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, մեկ տարի ոչ մի տեղ չեմ նկարահանվել: Մի-երկու ներկայացման մեջ եմ խաղացել: Եղել եմ Պետական համալսարանի թատերախմբում: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ եմ հանդես եկել, որը «Արտ Ֆեստ» փառատոնում արժանացավ «Լավագույն բեմադրություն» մրցանակին:

 

 

- Ընտանիքո՞վ եք տեղափոխվել Հայաստան: Հայ հասարակությանն ինտեգրվելը հե՞շտ էր:

 

- Այո, ընտանիքով, տեղափոխության խթանը հայրս էր: Նրա մոտ միշտ կար այստեղ ապրելու ցանկություն:

 

Մոտ 5-6 ամիս դժվար էր ինտեգրվել նոր համայնքին, հասարակությանը, որովհետև այստեղ չունեի ընկերներ: Դժվար էր. այն հասարակությունը, ընկերական շրջապատը, որտեղ ես մեծացել էի, այստեղ չկային, բայց, գրեթե կես տարի հետո հաղթահարեցի այդ դժվարությունները: Ես շուտ եմ հարմարվում: Չէի ասի՝ հայ հասարակությանն ինտեգրվելը հեշտ է, դժվար է: Թեհրանում հայրենիքից հեռու ես, և հայրենասիրությունն այլ արժեք է: Այստեղ գալով նոր հասկացա, թե հայրենասիրությունն ինչ է: Դա արտասահմանում հայրենասիրություն քարոզելը չէ: Հայրենասիրությունը դրսում ապրող հայերի վերադարձն է, նրանց գործունեությունը՝ ի նպաստ իրենց երկրի զարգացման, ժողովրդի հոգսերի թեթևացման: Եթե ամեն մեկս մեզ վրա վերցնենք ինչ-որ դժվարություն, ամեն ինչ այլ կերպ կլինի:

 

- Մինչ այստեղ մշտական բնակության տեղափոխվելը՝ Հայաստանում երբևէ եղե՞լ եք:

 

- Արձակուրդներին եմ մի քանի անգամ եկել:

 

- Ինչպես նշեցիք, Ձեզ ոգեշնչողը եղել է Ձեր հայրը: Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեն ծնողներդ:

 

- Թեև ինձ ոգեշնչողը հայրս է եղել, նա շատ էր ուզում, որ այլ մասնագիտություն ունենամ: Բայց երբ տեսավ, որ այս բնագավառում հաջողությունների եմ հասնում, ինքն էլ համոզվեց, որ իրոք ես ասելիք ունեմ այս ոլորտում: Հայրս գրականագետ, լուսանկարիչ է, այս պահին բիզնեսով է զբաղվում, իսկ մայրս տնային տնտեսուհի է:

 

 

- Արևելագիտության ֆակուլտետ եք ընդունվել, սովորում եք 3-րդ կուրսում: Կարելի է ասել, Ձեր երկու մասնագիտություններն անհամատեղելի են: Ինչո՞ւ որոշեցիք որպես երկրորդ մասնագիտություն հենց դա ընտրել:

 

- Անհամատեղելի չեն, Սունդուկյանն էլ է եղել դերասան, թուրքագետ: Հայրս էր ցանկանում, որ ես սովորեմ այս բաժնում: Բոլորս գիտենք, որ մեր երկրում դերասանի աշխատանքը ոչ այնքան կայուն  աշխատանք է: Այսինքն՝ հնարավոր է՝ մի քանի տարի բարձունքում լինես, այնուհետև ոչ մի առաջարկ չստանաս, իսկ թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել չես կարող: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, հայրս խորհուրդ տվեց դիվանագետի կամ նման մի այլ մասնագիտություն ձեռք բերել:

 

- Այսինքն՝ ապագայում կարո՞ղ ենք տեսնել դիվանագետ Սիսիանին:

 

- Այո, չի բացառվում, բայց ես իմ կյանքն առանց թատրոնի, դերասանության չեմ պատկերացնում: Որ բնագավառում լինեմ, միևնույն է, դերասանություն անելու եմ:

 

- Այս պահին, բացի հեռուստասերիալում նկարահանվելուց, որևէ թատերական ներկայացման մեջ ներգրավվա՞ծ եք:

 

- Կոնկրետ որևէ թատրոնի խաղացանկային ներկայացման մեջ ներգրավված չեմ, բայց աշխատում եմ երիտասարդ ռեժիսորներից մի քանիսի հետ, հիմա Պետական համալսարանի թատերական խմբի հետ աշխատում ենք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզների» մոտիվներով գրված ներկայացման վրա:

 

 

- Թատրոնը և կինոն տարբեր աշխարհներ են: Դուք Ձեզ ավելի շատ թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան եք համարում:

 

- Դրանք այնքան տարբեր աշխարհներ են, որ համեմատել անգամ չի կարելի: Ընդհանրապես, կարծում եմ, դերասանը թատրոնի մարդ է: Ինչքան էլ ինքը կինոյում հաջողված դերասան լինի՝ առանց թատրոն չի կարող: Թատրոնը դերասանի տարերքն է: Կարող է դերասանը թատերական ներկայացման մեջ ներգրավված չլինել, բայց տանն էտյուդներ անի: Թատրոնով դերասանն աճում է: Կինոյում՝ հատկապես սերիալում, դու հնարավորություն չունես քո դերասանական արվեստը զարգացնելու: Թատրոնը կենդանի շունչ է: Այն, թե իբր թատրոնը մեռնում է, ճիշտ չէ: Հանդիսատեսը միշտ է ունենալու թատրոնի կարիքը: Այն էմոցիաները, որոնք ստանում ես ներկայացումից հետո, էկրանից ստանալ չես կարող:

 

- Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց «Օտարը» հեռուստասերիալից: Դուք միանգամից երկու սերիալներում մարմնավորեցիք գլխավոր հերոսի կերպարը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

 

- Ինձ թվում է՝ հաջողության գրավականն աշխատասիրությունն է: Էկրանից երևում է՝ մարդ ինչքան է սիրում, հարգում իր մասնագիտությունը, ինչպես է աշխատել իր վրա: Ես միշտ փորձել եմ ինձ մաքսիմալ նվիրել դրան: Ինձ թվում է՝ հենց սա է հաջողության գրավականը՝ նվիրվածությունը մասնագիտությանը: Եթե դու դերասան ես, պետք է ընկալես դա: Բոլոր արվեստագետները չէ, որ հարգում են իրենց մասնագիտությունը: Սիրում եմ, երբ արածիս արդյունքը մաքսիմալ լավն է լինում:

 

 

- Առաջին անգամ նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս ստացաք:

 

- Շատ պատահական. մի հոլովակում էի նկարահանվել, այդտեղից հետաքրքրվել էին ինձնով: Սկզբում չէի ուզում ընդունել առաջարկը, հետո, երբ իմացա, որ մարմնավորելու եմ գլխավոր հերոսին, այդ հանգամանքը ինձ ներշնչեց ընդունել այն։ Ի վերջո, եթե մարդիկ վստահել են ինձ այդ ծանր գործը, ուրեմն, իրոք, նրանք ինչ-որ բան են զգացել:

 

- Իսկ ինչո՞ւ չէիք ուզում ընդունել առաջարկը:

 

- Ճիշտն ասած՝ սերիալային դաշտից այդքան էլ գոհ չէի: Բայց երբ աշխատեցի մեր թիմի հետ, զգացի, որ իրոք պրոֆեսիոնալ թիմ, աշխատակազմ լինում է։ Շատ ջերմ մթնոլորտ է։ Սցենարը շատ լավն է, բեմադրող ռեժիսորը՝ նույնպես, դերասանական կազմն էլ հաջող է ընտրված: Պրոֆեսիոնալ դերասանների՝ Դավիթ Հակոբյանի, Նելլի Խերանյանի հետ աշխատեցի:

 

- Ո՞վ է Ձեր առաջին քննադատը: Էկրանից հետևո՞ւմ եք Ձեր խաղին՝ նկատելու թերությունները, ինչու չէ, նաև ստացված խաղը:

 

- Իմ առաջին քննադատը հայրիկս է։ Նա շատ խիստ է: Զգում է ամեն մանրուք՝ թե որտեղ եմ սխալ եղել, որտեղ եմ լավ խաղացել: Շատ լավ կարծիքներ, արձագանքներ կան, բայց այդ ամենը բավական չէ, ավելի լավը դառնալու համար պիտի աշխատես: Միշտ նայում եմ խաղս, որպեսզի տեսնեմ՝ ինչը կարելի է շտկել, ինչն է լավ, ինչը՝ վատ: Արտերկրում ռեժիսոր ընկեր ունեմ, որին դիմում եմ խորհրդի համար։ Իմ ամենամեծ քննադատը նաև ես եմ: Երբ նայում եմ նախկին տեսարաններս, զգում եմ իմ աճը: Դու պետք է միշտ աճես: Արվեստը լեռ է, որ միշտ բարձրանում ես ու երբեք գագաթին չես հասնում: Իսկ եթե զգում ես, որ հասել ես, ուրեմն՝ դա վերջն է: Կարծում եմ՝ արվեստագետի համար գագաթ գոյություն չունի՝ նա միշտ բարձրանում է:

 

 

- «Էլենի օրագիրը» սերիալում Ձեր կերտած կերպարը՝ Լևոնը, արդարության համար է պայքարում, պաշտպանում է դասընկերներին և այլն: Կյանքում էլ ե՞ք այդպիսին, Լևոնն և Սիսիանն ինչքանո՞վ են նման իրար:

 

- Լևոնի հետ շատ նմանություններ ունեմ: Կարծես ինձ համար գրված լինի այդ կերպարը:

 

-Դուք էլ եք հաճախ ընկնում «տղայական կռիվների» մեջ։

 

- Փոքր ժամանակ շատ կռվարար եմ եղել, հիմա էլ, երբեմն, բռնկվում եմ, բայց փորձում եմ ինչքան հնարավոր է խուսափել կռիվներից:

 

- Կա՞ ֆիլմ, որտեղ միշտ ցանկացել եք նկարահանվել, կա՞ դերասան, ում ցանկացել եք նմանվել:

 

- Չէ, երբևէ չեմ ցանկացել ինչ-որ մեկին նմանվել: Յուրաքանչյուր ոք անհատ է: Ինչ-որ մեկին նմանվելը սխալ է: Շատ դերասաններ կան, ում հետ կուզեի նկարահանվել: Կուզեի աշխատել, օրինակ, աշխարհահռչակ, օսկարակիր ռեժիսոր Դևիդ Ֆինչերի հետ, իմ ամենասիրելի կերպարներից մեկը, ում չէի ուզի մարմնավորել, քանի որ Թիմ Ռոտից լավ, կարծում եմ, ոչ ոք չի կարող անել դա, «1900-ի մասին լեգենդը» ֆիլմի կերպարն է:

 

 

- Մինչև այս միայն դրական դերեր եք խաղացել։ Դա սկզբունքայի՞ն է։ Կա՞ ինչ-որ կերպար, որ չեք ցանկանա մարմնավորել:

 

- Ասեմ՝ բացասական կերպարներ շատ եմ սիրում, կինոներ նայելիս ինձ շատ են գրավում: Դերասանը պետք է կարողանա ցանկացած կերպար ստեղծել և մարմնավորել: Կերպարի հաջողված լինելը կախված է դերասանի վարպետությունից՝ անկախ նրանից՝ բացասակա՞ն, դրակա՞ն, թե՞ նեյտրալ կերպար ես մարմնավորում: Իհարկե, կլինեն կերպարներ, որոնք ինձ դուր չեն գա: Այդ դեպքում կերպարը կարող եմ ուղղակի չընդունել և չհամաձայնել մարմնավորել այն:

 

- Ո՞րն է Ձեր հոբբին, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղված:

 

- Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել: Կարդում եմ գրքեր: Կարդացածս վերջին գիրքը Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» ստեղծագործությունն է: Ազատ ժամանակ հանդիպում եմ ընկերներիս, ներկայացումներ դիտում:

 

- Չնայած Դուք չեք սիրում, երբ ասում են՝ հայտնի եք, այնուամենայնիվ, Ձեզ ճանաչում են, Դուք վայելում եք հայ հանդիսատեսի սերը: Ի՞նչ եք զգում, երբ մոտենում են, Ձեզ հետ նկարվում, ինքնագիր ուզում:

 

- Ես ինձ հայտնի չեմ համարում, որովհետև արվեստագետը, երգիչը, դերասանը, այս դեպքում բոլորը նույնացվում են, հեռու են հայտնի լինելուց: Եթե և՛ ես եմ հայտնի, և՛ հոլիվուդյան աստղը, անհամեմատելի է ուղղակի: Ես ինձ համարում եմ հանրաճանաչ: Իհարկե, հաճելի է, որ քեզ ճանաչում են, ինչը և պարտավորեցնող է։

 

 

- Իսկ եթե հրավեր ստանաք արտասահմանում աշխատանքը շարունակելու, ընդմիշտ հայրենիքը լքելու, կհամաձայնե՞ք:

 

- Ներկա պահին ոչ: Կան առաջարկներ Իրանից, բայց չեմ ուզում հիմա լքել հայրենիքս: Այստեղ շատ անելիքներ ունեմ:

 

- Դժվարություններից չե՞ք վախենում:

 

- Ոչ, իհարկե, դժվարությունները մարդու համար են ստեղծված, եթե չկան դժվարություններ, ուրեմն անապատում ես:

 

- Երկրպագուներից շատերին հետաքրքրում է՝ արդյո՞ք Ձեր սիրտը գրավված եղել է և հիմա գրավված է: Ունե՞ք աղջկա իդեալ:

 

- Իմ սիրտը գրավված եղել է, բայց այս պահին իմ սիրտն ազատ է: Կողակիցս, իհարկե, պետք է ինչ-որ չափանիշների համապատասխանի, պետք է լինի մարդ, ում կողքին ես չեմ ձևացնի: Չեմ սիրում ստեղծել աղջկա ինչ-որ իդեալ, շարժվել կաղապարներով: Ուղղակի պետք է լինի մարդ, ով կսիրի ինձ` իմ թերություններով ու առավելություններով հանդերձ:

 

- Որպես ինքնաքննադատ՝ կնշե՞ք Ձեր թերություններից 1-2-ը:

 

- Դժվար հարց է, ունենամ էլ, չեմ ասի (ծիծաղում է, հեղ.), թերություններն են մարդուն դարձնում անհատ:

 
 

Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Ամենադիտված