Հայերեն


Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի աներևույթ շնորհավորանքը հայ ժողովրդին

Քաղաքականություն

Հեղինակային պարզաբանում.

«Սերժ Սարգսյանի կողմից շնորհավորանքների և ցավակցությունների անթիվ-անհամար սփռումն այնպիսի զգացողություն է առաջացրել, թե նա կարող է ցավակցել նաև, դիցուք, Պերուի նախագահին` մայրաքաղաք Լիմայի արվարձաններից մեկում ավտովթարի հետևանքով երկու մարդու զոհվելու կապակցությամբ, կամ շնորհավորել Սվազիլենդի սենատի նախագահին` ծննդյան 54-ամյակի առթիվ…
Այդ տեսանկյունից փորձեցի պատկերացնել, թե փաստացի` ինչպիսի՞ն կարող է լինել երեք «գերագույնի» միասնական շնորհավորական ԻՐԱԿԱՆ ուղերձն Անկախության 25-ամյակի կապակցությամբ` իրենց և իրենց հանցախմբերի կողմից հայ ժողովրդի ու Հայկական պետականության դեմ սանձազերծած և արդեն քսան տարի ձգվող սառը պատերազմի համատեքստում: Ակնհայտորեն` նրանց շնորհավորանքի առանցքը կազմելու էր տանը նստող և չպայքարող Սիրելի հայրենակիցների «խոհեմության, իմաստնության, զսպվածության» դրվատանքը…
Իսկ թե որքանով ստացվեց` թող դատի անաչառ ընթերցողը»:

Սիրելի հայրենակիցներ.
Մենք` Հայաստանի Հանրապետության երեք նախագահներս, մեր երկրի Անկախության 25-ամյակի և պետականաշինության քառորդդարյա հանգրվանի կապակցությամբ` որոշեցինք ձեզ դիմել միասնական և ծավալուն շնորհավորական Ուղերձով:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր կայացումից այսդին` բազմաթիվ փորձությունների բախվեց, որոնց մեծ մասը, տարբեր պատճառներով, դեռ չենք հաղթահարել: Հիմա մենք չենք անդրադառնա այդ պատճառներին` այս պահին դրանք կարևոր չեն, և կնշենք մեր ժողովրդի կշռադատ խոհեմության շնորհիվ ձեռքբերած նվաճումները, ինչպես նաև ներկայի իրողություններն ու ապագայի ծրագրերը:

Սիրելի հայրենակիցներ,

Արդարև, հիացմունքի են արժանի ձեր համբերատարությունն ու զսպվածությունը, այդ շնորհների գերադրական զարմանալի դրսևորումները, որոնք, վստահաբար, որևէ այլ երկրում հնարավոր չէ հանդիպել: Երախտաշատ գոհունակությամբ ենք արձանագրում մեր ժողովրդի սթափ մտածողությունը, անհարկի ներքաղաքական ցնցումներով արտաքին թշնամիների ջրաղացին ջուր չլցնելու հենակետային գիտակցությունը: Ասվածի ամենացայտուն ընդհանրական օրինակը` վերջին քսան տարվա համապետական գրեթե բոլոր ընտրություններից և սահմանադրական հանրաքվեներից հետո ընդդիմադիրների կողմից զանգվածային ցույցեր անցկացնելու սադրիչ կոչերին չտրվելն է: Հայ ժողովուրդը, ի պատիվ իրեն, երբևէ չհավատաց որոշ բախտախնդիրների անհիմն հայտարարություններին ու անպատասխանատու քարոզչությանը և հանգիստ նստեց տանը` զերծ մնալով երկրակործան ցնցումներից:

Պետական մտածողության հասունության ցուցիչ պետք է համարել նաև այն հիմնավոր վերապահումը, որը մեր ժողովուրդը դրսևորեց օտարերկրյա դրամաշնորհներից սնվող կասկածելի շարժումների և հասարակական կազմակերպությունների կեղծ ահազանգերի ու ակցիաների հանդեպ, որոնց մեծամասնությունը պատված էր բնապահպանական շղարշով: Անհայտ ծագման աղբյուրներից թելադրվող հոսանքների քայքայիչ գործունեությանը, մայրաքաղաքի ու Հայաստանի կանաչ տարածքներն իբրև թե պահպանելու և հանքարդյունաբերության նվաճումները խաթարելու պատիր քարոզչությանը չհավատալով` մեր ժողովուրդը խոհեմաբար ապավինեց պետական հաստատությունների արհեստավարժությանը և ձեռնհասությանը:

Սիրելի հայրենակիցներ,

Այս քսանհինգ տարիների ընթացքում մեր ձևավորած կառավարությունները հիմնականում ապահովել են երկնիշ տնտեսական աճի խոստացված ցուցանիշները: Չնայած այդ հաջողություններին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները դեռ ամբողջապես վերացված չեն, ինչն առաջացնում է որոշակի բարդություններ: Այդուհանդերձ, նոր վարկեր պարտք վերցնելու ու Եվրապարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ հաղթահարվում են բոլոր դժվարությունները:

Այս համատեքստում` իրականությունից կտրված պետք է որակել սրճարաններում նստած և գծագրեր կազմող որոշ տնտեսագետների ու քաղաքական գործիչների այն պնդումները, թե` Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր չափերի է հասել, իսկ վերցված վարկերը չեն ապահովում պատշաճ ներդրումներ ու վերարտադրություն տնտեսության մեջ: Նման մտավարժանքի հեղինակներին ավելորդ չէ հիշեցնել պաշտոնական վիճակագրության հուսադրող ցուցանիշները և խորհուրդ տալ ձեռնպահ մնալ ամբոխահաճո պոպուլիստական կանխատեսումներից:

Անշուշտ, չի կարելի պնդել, թե ցուցանիշները բավարար են և խնդիրներ չկան: Ցավոք, մենաշնորհները, կոռուպցիան, զոռբայությունն ու կամայականությունը դեռևս լայնորեն տարածված են, ինչին նպաստում են մշտապես վատը տեսնող և գաղջ մթնոլորտ ստեղծող որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ: Սակայն նաև կույր պետք է լինել` չտեսնելու համար ակնհայտ հաջողությունները: Եվ ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը` իշխանությունների քաղաքական կամքը բավարարում է հոռետեսների մռայլ կանխատեսումներին տնտեսական բարձր աճի տոկոսներով հարվածելու համար:

Տնտեսության զարգացման վագրային թռիչքներ ապահովելու նպատակով մինչև 2022 թվականը նախատեսվել են` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շուրջ 80 տոկոսի իրագործում, Հյուսիս-Հարավ կարևորագույն մայրուղու շահագործում, փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խոչընդոտների վերացում, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության արդյունավետության ապահովում: Որոշ տնտեսագետներ էլ առաջարկել են` պետական տուրքեր գանձել Հայաստան մտնող տրանսֆերտներից, արագաչափերից բացի` տեղադրել նաև կայունաչափ սարքեր, օտարազգի գործարարներին արտոնություններ տալ` յուրացնելու մեր երկրի անմշակ հողատարածությունների մի մասը, ինչպես նաև` հանրային քննարկման դնել Սևանա լճի ջրային պաշարների 20 տոկոսի վաճառքի հարցը:

Հավատացած ենք, որ դժվարություններից չերկնչող մեր ժողովուրդն ըմբռնումով կմոտենա այդ նախաձեռնություններին: Իսկ այն գործիչները, ովքեր հանդես կգան քննադատությամբ, ապա նրանց արածը ոչ այլ ինչ կլինի, քան պարզապես դեմագոգիկ հռետորաբանություն: Այդպիսիներն իրականում խոչընդոտում են մեր երկրի տնտեսության զարգացմանը, բանակի հզորացմանը, կենսաթոշակների բարձրացմանը:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախության այս քառորդ դարում մեկ միլիոնից ավելի մարդ արտագաղթեց Հայաստանից: Այդ ցուցանիշը, սթափ և իրատեսական քաղաքականության հաշվարկներով առաջնորդվելու դեպքում, անտարակույս, նաև դրական երևույթ պետք է համարել, իսկ ահա հույզերով և ռոմանտիկ հայրենասիրական հովերով տարված մեր որոշ գործիչների եզրաբանությամբ` արտագաղթը մեծ ողբերգություն է: Այդպես դատողներին մեր ժողովուրդն ու մտավորականությունը պետք է ընդամենը մեկ հարց ուղղեն` 80-ականների վերջի մարդահամարով գրեթե 4 միլիոնի հասնող բնակչության լիարժեք կենսակերպի համար արդյոք բավարա՞ր էին ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի ընդերքը, ջրային և նյութական պաշարները, արտադրական կարողությունները: Պատասխանը կանխատեսելի բացասական է:

Մինչդեռ արտագաղթով նոր հնարավորություններ բացվեցին Մայր Հայրենիքում ապրող հայերիս համար, և միաժամանակ` զգալիորեն ուժեղացան հայասփյուռ համայնքները, ինչի շնորհիվ վերջիններս կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ առաջ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը և նյութական օժանդակություն ցուցաբերել Հայաստանում մնացած իրենց հարազատներին:

Սակայն տարածաշրջանային նորանոր մարտահրավերները ստիպում են վերանայել արտագաղթի ծավալները և պետական անհրաժեշտությամբ պայմանավորված քայլեր ձեռնարկել` խթանելու սփյուռքահայ օջախները հայաստանաբնակ հայերի նոր և բազմամարդ խմբերով լրացնելու գործընթացը: Այս հարցում ևս մեր ժողովուրդը դրսևորում է իր կատարելատիպ որակները և ընդառաջ է գնում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերջին օղակը համալրումներով զորացնելու ազգօգուտ քաղաքականությանը:

Արցախյան հակամարտության կարգավորում` լրջանալու պահը.

Արցախյան հակամարտությունը թևակոխել է որակապես նոր հարթություն, երբ ստատուս-քվոն պահպանել այլևս հնարավոր չէ: Ներկայում օրակարգային է դարձել Խաղաղության և հաշտության մեծ պայմանագրի կնքումը, առանց որի` թե՛ հայաստանցիների և թե՛ արցախահայության կյանքում նկատելի դրական տեղաշարժեր չենք ունենալու, ժողովրդական խոսքով` լավ չենք ապրելու:

Կարգավորման որոշ սկզբունքներից, անշուշտ, երկու երկրներում էլ դժգոհողներ լինելու են: Մասնավորապես, մեր երկրի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից մեկը մշտապես առաջ է քաշում Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ, և այդ նույն ուժի ներկայացուցիչը, նույնիսկ, հանդես եկավ Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի բռնազավթումը դատապարտելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Նշված երկու օրինագիծն էլ խիստ վտանգավոր արկածախնդրություն են Հայաստանի ու Արցախի համար: Այդպիսի անպատասխանատու քաղաքական ուժը, որը, ի դեպ, միակն էր խորհրդարանում, որ դեմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությանը, այլևս չպետք է ներկայացված լինի Ազգային ժողովում, և այդ հարցում ևս վստահ ենք մեր ժողովրդի իմաստավորված ընտրությանը:

Հակամարտության կարգավորման Մադրիդյան ու Կազանյան տարբերակները ենթադրում են հիմնականում հետևյալ փոխզիջումները. հայկական կողմից` անվտանգության գոտի հանդիսացող գրաված տարածքների հանձնում` 5+2, ադրբեջանցի փախստականների վերադարձ, խաղաղապահների տեղակայում, իսկ ադրբեջանական կողմից` Արցախի միջանկյալ, անորոշ (բայց ոչ` անկախ) կարգավիճակի ճանաչում, ինչին Ադրբեջանի իշխանությունները դեմ են:

Ակնհայտ է, որ նշված փոխզիջումային տարբերակի գործնական իրականացման պրոցեսն անշրջելի է, որին, բացի վերոնշյալ ուժից, Հայաստանում այլ դեմ արտահայտվողներ նույնպես եղան, սակայն, բարեբախտաբար, նրանք ընդամենը մի քանի տասնյակ մարգինալներ են: Ի հակառակ ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշման` դրվատանքի է արժանի մեր ժողովրդի խաղաղասիրությունը, հաղթող կողմին բնորոշ մեծահոգությունը և ծայրահեղական պահանջներից զերծ մնալը: Ասվածի ապացույցն է նաև ապրիլյան չորսօրյա պատերազմը, երբ մեր զինվորականությունը, ունենալով նպաստավոր պայմաններ հարձակում ծավալելու համար, չօգտագործեց այդ հնարավորությունը, որպեսզի չտապալվի բանակցային գործընթացը:

Վերջապես` հասունացել է ազգովին լրջանալու պահը: Հայկական ազգային շահը պահանջում է շուտափույթ կենսագործել Մադրիդյան ու Կազանյան տարբերակները: Իսկ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, տեսնելով հայկական կողմի պատրաստակամությունը, այլևս թույլ չի տա նախիջևանյան սինդրոմի` Նախիջևանի հայաթափման կրկնությունն Արցախում:

Բռնությամբ հարցեր չեն լուծվում.

Հայոց ազգային էպոսի անունով Պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված ահաբեկիչների խմբավորումը ապարդյուն փորձ կատարեց զենքի ուժով և պատանդառությամբ քաղաքական հարցեր լուծելու: Մեր մտավորականությունն ու քաղաքական ուժերը, ինչպես և սպասելի էր, ճնշող մեծամասնությամբ դատապարտեցին այդ ահաբեկչությունը: Իսկ հայ ժողովուրդը, վերստին դրսևորելով պետականաշինության գործընթացը հակասահմանադրական քայլերով չվտանգելու իր բարձր գիտակցությունը, չսատարեց զինված խմբին և զանգվածային անկարգություններ հրահրող մի քանի հարյուր ցուցարարներին:

Երեք զոհի և մի քանի վիրավորների առկայությամբ, ընդհանուր առմամբ, ճգնաժամի անարյուն հանգուցալուծումից պարտավոր ենք դասեր քաղել, ինչը կարելի է ամփոփիչ ներկայացնել մեկ նախադասությամբ` Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու: Իշխանությունը, արդարացիորեն, բռնությանը կարող է հակադարձել «Մեր դեմ խաղ չկա» կարծր դիրքորոշմամբ: Փոփոխությունների հասնելու ժողովրդավարական և ընդունելի ուղին ընտրություններն են, որոնց ազատ ու թափանցիկ անցկացումն անշրջելի իրողություն է, ինչի ապացույցն են միջազգային կառույցների կողմից տրվող «Մեկ քայլ առաջ» գնահատականները:

Հուլիսյան ահաբեկչությունը և զանգվածային անկարգությունները, ակնհայտորեն, կվատթարացնեն Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, բացասաբար կազդեն ներդրումային մթնոլորտի, արտահանման և ներմուծման ծավալների վրա, կնվազեն բյուջեի եկամուտները, Եվրոպական Միությունից և միջազգային դոնորներից նոր վարկեր պարտք վերցնելն ավելի կդժվարանա: Հայաստանը չունի ռեսուրս` զենքի ուժով և ապստամբությամբ ներքաղաքական հարցեր լուծելու: Ուրախալի է, որ մեր ժողովուրդն ամբողջապես գիտակցում է այդ ճշմարտությունը և զերծ է մնում արմատական բռնարարքներից:

Ապահով Հայաստան.

Յուրաքանչյուր երկրի ապահովությունն ու զարգացումը կախված են անվտանգության համակարգից: Ապրիլյան չորսօրյա պատերազմը, հուլիսյան իրադարձությունները, չդադարող երթերն ու բողոքի ակցիաները հրատապ դարձրեցին Հայաստանի իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրման առաջնահերթությունները:
Ուստի, հանուն պետության ապահովության, անհրաժեշտ են հետևյալ կառուցակարգային շտկումները.

1. Տարեցտարի բարձրացնել բոլոր իրավապահների աշխատավարձերը և պարգևավճարները 50 տոկոսով:

2. Խթանել ոստիկանության շարքերը համալրելու գործընթացը երիտասարդների շրջանում` սկսելով ավագ դպրոցներից:

3. Լրացուցիչ միջոցներ հատկացնել անվտանգության ողջ համակարգի տեխնիկական և մարտական պատշաճ վերազինման և արդիականացման համար:

4. Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր` «Հակասահմանադրական տրամադրությունների բացահայտման և կանխարգելման ծառայություն» անվանումով նոր կառույցի ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Սույն և հանրօգուտ այլ միջոցառումների շնորհիվ (այդ թվում` անհրաժեշտությունից ելնելով հանրահավաքներում որոշ մոսկաների ականջներից քաշելով ոստիկանական բաժանմունքներ տանելն ու վնասազերծելը) Հայաստանի անվտանգությունը, որը նաև Արցախի անվտանգությունն է, ապահովագրված կլինի տարատեսակ սպառնալիքներից և արմատական տրամադրվածություններից:

Անվտանգություն և զարգացում` Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ.

Գիտակցելով մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի և նրա հովանու ներքո գործող կառույցների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) հետ քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, մշակութային և սոցիալական բազմաշերտ բարեկամական կապերի առավել սերտացման կարևորագույն հրամայականը` մոտ ապագայում քննարկման կդրվեն, որպես երկրորդ պաշտոնական լեզու` ռուսաց լեզվի, որպես երկրորդ վճարամիջոց` ռուսական ռուբլու ներդրման փորձնական ծրագրերի իրականացման, ինչպես նաև հանրակրթական ռուսական դպրոցների բացման հարցերը:

Անվտանգության ամրապնդման և տնտեսական աճի համապատկերում` կարևոր նշանակություն ունեն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հարևանությամբ ՀԱՊԿ միացյալ զորախմբի համար մշտական տեղակայման բազային տարածքի հատկացումը և ԵԱՏՄ 170 մլն-անոց շուկան յուրացնելու առավել ճկուն քաղաքականության իրագործումը:
Ցավոք, շարունակում է մտահոգիչ մնալ մեր ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը: Սակայն, ինչպես շարունակում են հավատիացնել մեր ռուս գործընկերները, այդ համագործակցությունը մնում է բացառապես որպես բիզնես-նախագիծ և ուղղված չէ Հայաստանի կամ Արցախի դեմ:

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտելով մեր խոսքը և կրկին շնորհավորելով բոլորիս Անկախության 25-ամյակի կապակցությամբ` հիմնավոր համոզմունք ենք հայտնում, որ ձեր համբերատարության, խոհեմության, զսպվածության և հաճախորդներին լավ ճանաչելու շնորհիվ 2017 թվականի ԱԺ ընտրություններում մեր քաղաքական թիմերն ու հենարան կուսակցությունները դարձյալ կարժանանան ձեր վստահության քվեին: Իսկ արդեն 2021 թվականին, Անկախության 30-ամյակի կապակցությամբ, մենք կրկին հանդես կգանք միասնական շնորհավորական Ուղերձով` արդեն կազմակերպված պետություն Հայաստանում:

Հեղինակի կողմից.

Հ. Գ. Սիրելի հայրենակից, քանի դեռ ԴՈՒ կշարունակես տանը վախվորած ու անտարբեր նստել` Լևոն-Ռոբերտ-Սերժ տրիադան, իրենց նոտար Կրեմլի կնիքով և Մարիա Զախարովայի բարձրակրունկների կտկտոցից ահաբեկվող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի աջակցությամբ, կշարունակեն մեր երկրի ու հավատի ավերակումը: կվաճառեն և՛ Սևանը, և՛ Արցախը, և՛ Հայաստանը, ՔԵԶ էլ կգովաբանեն` «խոհեմության, իմաստնության, զսպվածության» համար…

Անկախության 25-ամյակը ԴՈՒ դիմավորում ես մի քանի հեղափոխության չօգտագործած «պաշարով»: Ամենաստույգ և անարյուն միջոցը, ինչից էլ սարսափում են հայախոս սադայելները, մարդահեն ոստիկանները, կրեմլադավան քրմերը` հրապարակներում ու փողոցներում տասնյակ ու տասնյակ հազարներով ՔՈ հավաքներն են: Ուրեմն, գեթ հանուն զավակներիդ ու թոռներիդ ազատ, արժանավայել կյանքի` վերջապես դուրս արի տանից, ապստամբիր և իշխանությունը վերադարձրու ՔԵԶ: Իսկ եթե շարունակես նստել տանը` «Բա ինձ պետք ա՞…» բառերը լոզունգ ու ապրելակերպ դարձրած, ապա ՔՈ հազար ռուբլանոց ընտրյալները կպղծեն բոլոր արժեքներդ, կայլասերեն մեր գենը, կհարվածեն հայկական քաղաքակրթության ակունքներին, հետո էլ կմտնեն ապաստարանդ`ՔՈ տուն…

Հ. Գ.-2. «Սասնա ծռեր» էպոսը կազմված է չորս ճյուղից:
«Սասնա ծռեր» դյուցազնավեպն արարել է հայ ժողովուրդը, ուրեմն` մեր օրինակելի մեծագործությունը ամենաազգայինն է և անմահ:

Հայ ժողովուրդն իր ծռերին հիշում և ներշնչվում է հազար տարի և բյուր հազար տարի էլ դեռ կհիշի ու կպաշտի: Իսկ ձեզ` Մըսրա Լևոն, Ռոբերտ ու Սերժ, 10 տարի անց կհիշեն որպես Հայաստանը հայաթափող թուրքական ծրագրի իրագործողներ:

Հ. Գ.-3. Գարեգին Բ կաթողիկոսին` Վեհափա՛ռ, շնորհավորում եմ Ձեր ծննդյան 65-ամյակը: Մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր սպասավորներին և հայ ժողովրդին, որ Ձեր հաջորդները դրսևորեն մարդասիրության, հայասիրության և քրիստոնեասիրության այնպիսի օրինակ, ինչպիսին պետք է լիներ 30 քաղցած հայ մարդու ու քրիստոնյայի` կյանքը վտանգելով ուտելիք հասցնող և դրա համար անօրենների կողմից բանտված ազատամարտիկին անհապաղ ազատ արձակելու պահանջով իշխանությանը սաստելը: Գոնե` այդքանը:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր…

Բյուրավոր անգամ եք Դուք առ Բարձրյալ «Աղօթք Տէրունական»-ից արտաբերել այդ խոսքերը: Մինչդեռ դրանք կատարող` Արցախում ԹՈՒՐՔԻ դեմ կռված մի հայորդի հրաշքով փրկվեց ՀԱՅ ոստիկանների կրակոցներից: Հանապազօրյա հաց հասցնողի համար անգամ Դուք վախեցաք ազատություն պահանջել…

Ձեզ` արևշատություն, վաղվա Հայոց Քահանայապետերին` Կաթողիկոսին վայել առաքինություն, բարեգթություն, ինքնամոռաց երանելի հայրենապաշտություն:

Արամ ԵՆՈՔՅԱՆ

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված