Հայերեն


Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մնացել է թոշակի թեմայի տակ: Հայաստանի շուրջ 600 հազար կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը չներեց Փաշինյանին՝ արած ոչ կոռեկտ (շատ մեղմ ասած) հայտարարության համար: Արժե հիշեցնել, որ ընդամենը 3 ամիս առաջ՝ 2025 թ. տարեվերջին, երբ կենսաթոշակի չափը գոնե մի 10000 դրամով բարձրացնելու պահանջ առաջադրվեց, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կաբինետի ոլորտային նախարարները սկսեցին «լացուկոծվել», թե՝ «վա՜յ, միջոցներ չկան, տնտեսությունը կքանդվի, բյուջետայիններն անաշխատավարձ կմնան, եթե թոշակները բարձրացնենք...»:

Բոլորին գերազանցեց ինքը՝ Փաշինյանը. «Թոշակառուների թոշակն ամսական 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու... Հիմա, հետևաբար, ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի... Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»: Հետո ավելի «խորացավ» կենսաթոշակ բարձրացնել-չբարձրացնելու խնդրում և այսպիսի մի ձևակերպում էլ արեց. «Ես արձանագրեցի, որ եթե 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ 35000 դրամ, բայց տունը, միևնույնն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»:

Կենսաթոշակառուները, կրկնենք, այս ամենը նրան չէին ներելու: Մանավանդ, երբ այդ ֆոնին հայտնի դարձավ անձամբ Փաշինյանի ու նրա նախարարների բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին: Բնականաբար, Փաշինյանն ինքն էլ է հասկացել, որ խորապես վիրավորել է բոլոր թոշակառուներին: Իսկ առջևում Փաշինյանի համար կենաց-մահու նշանակություն ունեցող ընտրություններ են, որտեղ իշխանության մնալու որևէ նույնիսկ տեսական շանս չունի: Դրա համար էլ ԱԺ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ «հանկարծակի» որոշեց ու հայտարարեց, թե թոշակներն ապրիլի 1-ից 10000 դրամով բարձրացվում են: Բայց նույնքան արագ էլ երևի գլխի ընկավ, որ գնացքն արդեն մեկնել է, ավելին՝ բոլորը հասկացան, որ նա ընդամենը յուրովի ընտրակաշառք է տալիս թոշակառուներին: Նույնիսկ վայրկենապես բնորոշեցին այդ երևույթը՝ «ընտրաթոշառք»: Ընդ որում, ահռելի պարգևավճարների ֆոնին՝ «կոպեկներ»:

Չէ, լավ կլինի, իհարկե, որ մեր թոշակառուները, տատիկներն ու պապիկները 10000 դրամ ավելի ստանան, մանավանդ՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների վիշապային թանկացումների խորապատկերում: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը ընդդիմադիր հիմնական ուժերի, հանրային ընդգծված բացասական ռեակցիայի ճնշման պայմաններում ուղղակի հարկադրված եղավ բարձրացնել թոշակները: Անել մի բան, որը մի երկու ամիս առաջ անհնարին ու տնտեսության համար վտանգավոր էր համարում:

Եվ ահա, տեսնելով, որ էլի «թոշակի թեմայի տակ» է մնում, նախօրեին «արագի մեջ» բեմականացվեց առաջիկա ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանի հանդիպումն իր կարկառուն զինակից, առայժմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ հանդիպման բուն նպատակը թոշակառուների սրտերն ու տրամադրությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելն ու շահելն էր, նախորդ հայտարարությունները սվաղելը կամ լղոզելը, թե ինքն, իբր, այլ բան է նկատի ունեցել: Բայց հանրագումարում ավելի վատ ստացվեց: Այսինքն, ուզում էր լինի լավ (բնականաբար, իր համար), ստացվեց... ինչպես միշտ: Նման դեպքերում ընդունված է ասել, որ նա կորցրեց լռելու հրաշալի հնարավորություն:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեքստային հատվածում Փաշինյանի «կռուտիտները», թե ինչ էր նկատի ունեցել կամ ինչու էր նման բան ասել, ընդհանրապես չեն արտացոլվել: Իսկ Փաշինյանը տեսախցիկի առաջ իր նախարարին պատմում էր, որ երբ իրեն ներկայացրել են թոռակառուների անկանխիկ գնումների վերլուծությունը, ինքը տեսել է, որ նրանք շատ գումար են ծախսում ծխախոտ գնելու վրա: Ու Փաշինյանը խիստ նեղվել է այդ հանգամանքից ու որոշել, թե՝ էլ ինչո՞ւ թոշակները բարձրացնենք, եթե ծխախոտի վրա են ծախսում: Ավելի լավ է՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանը 10000 դրամ դնեն ու ասեն, թե թոշակառուներին լավություն են անում, որովհետև թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն (10000 դրամն էլ, կարծես, մի երևելի թիվ է, էլի): Մի խոսքով, արդեն սովորական դարձած փաշինյանական «մտավարժանքներ»:

Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը:

Մեկ այլ հանգամանք. Հայաստանի մոտ 600 հազար թոշակառուների առնվազն կեսը կանայք են, ընդգծենք՝ 60 տարեկանն անց կանայք: Ու՝ ի՞նչ: Այդքան հաճա՞խ եք բակերում, շքամուտքերի մոտ, ձեր շրջապատում հանդիպում ծխող տատիկների: Լո՞ւրջ: Թե՞ կանանց դեպքում էլ Փաշինյանը նայել ու նեղվել է, որ տատիկները շրթներկի վրա են թոշակից գումար ծախսում:

Դե լավ է, էլի: Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել: Գիտեք, ի լրումն ամենի, սա մարդու անձնական կյանքի, անձնական տվյալների, բանկային գաղտնիքի հետ կապված բաներ են, ու, ինչպես մեզ է թվում, այստեղ այդ նուրբ իրավունքի խախտման տարրեր են ենթադրվում: Ի վերջո, նա չի ասում, որ ծխախոտի վաճառքն ավելացել է ընդհանրապես, նա կոնկրետ նշում է, որ թոշակառուներն իրենց թոշակային քարտերով... ծխախոտ են գնում: Հզոր է, չէ՞:

Մի խոսքով, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ 5 տարի գրեթե ոչինչ չանելուց հետո կենսաթոշակը ընտրությունների նախաշեմին մի ինչ-որ 10000 դրամով բարձրացնում են, ու դա այնպես են ներկայացնում, կարծես մի մեծ գործ են արել: Ավելին, հետն էլ որոշում են, թե ինչի վրա ծախսեն այդ գումարները: Մի հատ այդ 10000 դրամին նայեք ու ՔՊ պաշտոնյաների՝ կառավարության անդամների, պատգամավորների չվաստակած բազմամիլիոնանոց ինքնապարգևավճարներին:

Ու, հա, հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե, 2025 թվականի կանխատեսումներով, տնտեսական աճը պետք է լիներ 5,1 տոկոս, սակայն եղել է 7,2 տոկոս, ու դրա հետևանքով թոշակները «հանկարծակի» որոշեց բարձրացնել: Լո՞ւրջ:

Այսինքն, 2026 թվականի հունվարին չգիտե՞ր, որ տնտեսական աճի թիվը 7,2 է ցույց տրվելու: Ավելին. եթե 2026-ին տնտեսական աճը նախատեսվածից 2 տոկոսային կետով ցածր լինի, ի՞նչ է, թոշակառուներից այդ 10000-ական դրամները հետ են գանձելո՞ւ:

Հ.Գ.-Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարե՞լ է իմանալ, թե իր կաբինետի անդամները, պատգամավորները ստացած բազմամիլիոնանոց պարգևավճարների ու բարձր աշխատավարձերի որքան մասն են ծախսում ծխախոտի վրա, որքանը, ասենք, զուգարանի թղթի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ
Ամենադիտված