Հայերեն


Աշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստան-Արևմուտք ներկայիս հակադրության մեջ աստիճանաբար ավելի ու ավելի հստակ է դառնում հատկապես մի միտում, որը հաճախ առաջին հայացքից նկատելի չէ։ Խնդիրն այն է, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի առաջնահերթ մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը, որը դիտվում է որպես համակարգային մրցակից՝ հսկայական բնակչությամբ, արագ աճող տեխնոլոգիական կարողություններով, ֆինանսական հզորությամբ ու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու ռազմավարությամբ։ Այս նախագիծը Չինաստանին հնարավորություն է տալիս ոչ միայն առևտրի և լոգիստիկայի հարթակի վերածել Խաղաղօվկիանոսյան ավազանը, Եվրասիան, Աֆրիկան ու Եվրոպան կապող տարածքները, այլև իր ազդեցությունն ընդլայնել այնպիսի առանցքային տարածքներում, ինչպիսիք են Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, Բալկանները, Աֆրիկայի մեծ մասը։ Այս համատեքստում Չինաստանի զսպումը դառնում է ամերիկյան ռազմավարության առանցքային գիծը։

Ըստ այդմ, ԱՄՆ-ը, գտնվելով աշխարհագրորեն շատ հեռու, բայց ունենալով գլոբալ հավակնություններ, ստիպված է ավելի սառնասրտորեն հաշվարկել ուժերի դասավորությունը՝ իր առաջնահերթությամբ պահելով Չինաստանին որպես թիվ մեկ հակառակորդ։ Հետևաբար, Վաշինգտոնի ռազմավարական տրամաբանությունը կարող է ներառել այնպիսի տարբերակ, որտեղ Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը ինչ-որ պահի, ամերիկյան ճնշման ու միջնորդության ներքո, անգամ ցավոտ փոխզիջումների գնով, ստիպված լինեն գալ որոշակի համաձայնության՝ գոնե հակամարտության սառեցման կամ սահմանափակ կարգավորման մակարդակով։ Այդպիսի զարգացման հիմնական իմաստն այն կլինի, որ ԱՄՆ-ը կփորձի Եվրոպայի արևել յան ճակատում նվազեցնել լարվածությունը՝ իր ռեսուրսներն ու ուշադրությունը ավելի լիարժեք կենտրոնացնելու Չինաստանի ուղղությամբ՝ հատկապես Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուրջ ձևավորվող ռազմաքաղաքական ճակատների ուղղությամբ։

Սակայն մինչ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հնարավոր պայմանական հաշտության ու վերակողմնորոշման գործընթացները դեռևս մնում են ապագայի հարթության վրա և կախված են մի շարք անկանխատեսելի գործոններից, Ռուսաստանն իր ներկայիս քաղաքականությամբ և պատժամիջոցների ճնշման պայմաններում ստիպված է մեծապես կենտրոնանալ հենց եվրոպական ուղղության վրա։ Այս կենտրոնացումը, սակայն, հանգեցրել է միանգամայն պրագմատիկ հետևանքի՝ Ռուսաստանը թուլացրել է իր ներգրավվածությունն ու վերահսկողության մակարդակը այն տարածաշրջաններում, որոնք երկար տարիներ դիտարկվել են որպես Մոսկվայի ավանդական ազդեցության գոտի՝ Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջաններ, ինչպես նաև՝ Միջին Ասիա։

Սա բացել է դուռը այլ խաղացողների համար, իսկ դրանց շարքում ամենաակտիվն ու ամենաամբիցիոզը վերջին տասնամյակներում հենց Թուրքիան է։ Այս երկիրը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ վարում է բավական յուրովի, հաճախ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռել իր հարաբերությունները Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ։ Անկարան ձգտում է ձևավորել ինքնուրույն ուժային կենտրոնի կերպար՝ մասնավորապես իր շուրջը համախմբելով թուրքալեզու և լայն իմաստով մահմեդական աշխարհին մոտ կանգնած երկրներին։ Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքի մեծ մասը Թուրքիայի համար ոչ միայն պատմամշակութային, «նեոօսմանական» ու «նեոթուրքական» պատկերացումների դաշտ է, այլ՝ կոնկրետ տնտեսական և ռազմավարական միջանցքների տարածք։

Հարավային Կովկասը Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցության առանցքային թատերաբեմերից մեկն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո վերաձևավորվեց ողջ տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը։ Պատերազմից առաջ Ռուսաստանը երկար տարիներ պահպանել էր հարաբերական հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լինելով դե ֆակտո անվտանգության երաշխավորը Հայաստանի համար և միաժամանակ պահպանելով ռազմավարական կապեր Բաքվի հետ։ Արցախյան երկրորդ պատերազմի ֆոնին Թուրքիան ավելի համարձակ դարձավ Հարավային Կովկասում՝ հատկապես այն պայմաններում, որ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական հակամարտությամբ։

Ալիևի իշխանության վրա ունեցած ազդեցությամբ, ինչպես նաև զորավարժությունների, ռազմատեխնիկական համագործակցության ու «մեկ ազգ, երկու պետություն» հռետորաբանության խորացմամբ Անկարան ամրապնդեց իր դիրքերը Ադրբեջանում՝ այն վերածելով յուրատեսակ հենակետի Կասպից ծովի ու Միջին Ասիայի ուղղությամբ թուրքական ազդեցությունը տարածելու համար։

Միաժամանակ, Թուրքիան փորձում է ակտիվացնել կապերը Վրաստանի հետ՝ ներառյալ էներգետիկ ու տրանսպորտային միջանցքների ամրապնդումը։ Այս կերպ Թուրքիան ձևավորում է արևելք-արևմուտք ուղղությամբ ձգվող մի լայն գոտի՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով, որն իր համար ունի ինչպես տնտեսական, այնպես էլ խորապես աշխարհաքաղաքական նշանակություն։ Բնական է, որ այս տարածքում Ռուսաստանի ավանդական ազդեցության պայմանական նահանջը և Թուրքիայի հավակնությունները բերում են ընդհանրական բախման դաշտի ընդլայնման։

Միջին Ասիան ու կենտրոնասիական հանրապետությունները Թուրքիայի համար ներկայացնում են միանշանակ ռազմավարական արժեք՝ որպես թուրքալեզու և մասամբ մուսուլմանական պետությունների մի ամբողջ շարք, որոնք աշխարհագրորեն գտնվում են Ռուսաստանի և Չինաստանի միջև՝ հանդիսանալով նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարևոր հանգույցներ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը երկար ժամանակ պահեց գրեթե մենաշնորհային դիրքեր այս հանրապետությունների անվտանգային համակարգում՝ ռազմական բազաներով, միգրացիոն քաղաքականությամբ, տեղեկատվական դաշտում գերիշխող ներկայությամբ։ Սակայն այժմ, երբ Ռուսաստանը ծանրաբեռնված է արևմտյան ուղղությամբ, Միջին Ասիան կամաց-կամաց սկսում է քայլեր ձեռնարկել ավելի բազմավեկտորություն։ Այդ տարածքում մեծանում է ոչ միայն Չինաստանի, այլև Թուրքիայի ներկայությունը՝ կրթական ծրագրերով, մշակութային ու կրոնական կապերով, ենթակառուցվածքային նախագծերով և տարբեր տնտեսական նախաձեռնություններով։

Այս երկարատև գործընթացների ֆոնին Անկարայում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի ներկայիս թուլացումը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում խիստ ժամանակավոր է։ Պատմական փորձն ու Ռուսաստանի պետական մտածողության օրնաչափությունները հուշում են, որ Մոսկվան, հենց որ որոշ չափով լուծի կամ սառեցնի իր խնդիրները եվրոպական ուղղությամբ, անպայման կփորձի վերադառնալ այն ազդեցության գոտիներ, որոնք ավանդաբար դիտել է որպես սեփական ազեդության դաշտ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար դրանք ոչ միայն «մերձավոր արտասահման» կոչվող տարածքներ են, այլև ռազմավարական խորք, առանց որի Մոսկվան չի կարող իրեն զգալ անվտանգության մեջ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ գաղափարական առումով։

Ուստի, Թուրքիայում ստրատեգիական հաշվարկը հետևյալն է. եթե այսօր, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում և պատժամիջոցային ճնշումների տակ է, հնարավոր է առավելագույնս ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում, ապա վաղը, երբ Ռուսաստանը փորձի վերականգնել իր ներկայությունն այդ տարածքներում, բախումը Մոսկվայի հետ կդառնա անխուսափելի։ Այդ բախումը պարտադիր չէ, որ միանգամից լինի բաց առճակատման կամ պատերազմական բախման տեսքով, բայց քաղաքական, դիվանագիտական, էներգետիկ, տրանսպորտային, ինֆորմացիոն հարթության վրա հակադրությունը ժամանակի հարց է։ Այս հեռանկարն Անկարային ստիպում է ավելի ճկուն ու նախօրոք հաշվարկված քաղաքականություն վարել թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի նկատմամբ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի՝ վերջին շրջանի՝ դեպի Արևմուտք որոշակի թեքվելու միտումը։ Չնայած Անկարան հաճախ խոսում է ինքնուրույն քաղաքականության մասին, չի կարող անտեսել այն փաստը, որ Թուրքիայի տնտեսական անվտանգությունն ու ֆինանսական կայունությունը մեծ առումով կախված են արևմտյան շուկաներից, ներդրումներից, տեխնոլոգիաներից և հատկապես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների վիճակից։

Ելնելով վերոնշյալից՝ Թուրքիան ձգտում է ունենալ ամերիկյան ու եվրոպական ամուր թիկունք՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմատեխնիկական ու դիվանագիտական մակարդակով։ Այստեղից էլ բխում են այն հնարավոր զարգացումները, որ Անկարան իր քայլերով կփորձի մեղմել կուտակված լարվածությունը Վաշինգտոնի հետ՝ ներառյալ ընդառաջ գնալով այնպիսի սիմվոլիկ, բայց շատ կարևոր հարցերում, ինչպիսին է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառված S-400 զենիթահրթիռային համակարգերի թեման։ Այդ համակարգերի ձեռքբերումը ժամանակին ընկալվում էր որպես Անկարայի ռազմավարական հեռացման քայլ ՆԱՏՕ-ի ստանդարտներից և Ռուսաստանի հետ ավելի խոր համագործակցության պատրաստակամությանն ուղղված ցուցիչ։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ գործարքը Թուրքիայի համար ավելի շատ խնդիրներ բերեց, քան օգուտներ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներ, լարվածություն ՆԱՏՕ-ի ներսում, կասկածներ Թուրքիայի՝ որպես դաշնակցի հուսալիության վերաբերյալ։ Այժմ Անկարան պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որ դրանք օգնեն վերագտնել ամերիկյան վստահությունը և ամրացնել Թուրքիայի տեղը արևմտյան ռազմաքաղաքական ճարտարապետության ներսում՝ որպես անփոխարինելի և առանցքային տարածաշրջանային դերակատար։ Նման զարգացումը տրամաբանական է այն տեսակետից, որ եթե Ռուսաստանը և Արևմուտքը որոշակի պահի շարժվեն դեպի պայմանական կարգավորման, ապա Մոսկվան ստիպված կլինի վերագնահատել իր առաջնահերթությունները եվրասիական տարածքում, իսկ արևմտյան ճնշումների թուլացման պարագայում ռուսական ռեսուրսներն ավելի շատ կուղղվեն դեպի ազդեցության վերականգնման փորձեր այդ նույն Հարավային Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում։ Այդ պահին Թուրքիան, չունենալով ամուր արևմտյան աջակցություն, կգտնվի շատ ավելի խոցելի վիճակում Ռուսաստանի հետ մրցակցության դաշտում։ Հետևաբար, այժմ Թուրքիան փորձում է ժամանակ շահել՝ ամրացնելով սեփական դիրքերը տարածաշրջաններում, որտեղ փորձում է «խաղադաշտը վերաձևել» իր օգտին և միաժամանակ դառնալ ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար անփոխարինելի գործընկեր՝ այդ ամենը ամրագրելով ոչ միայն ՆԱՏՕ-ի ներսում ունեցած դերակատարությամբ, այլև որպես էներգետիկ հանգույց, տրանսպորտային միջանցքների կենտրոն, միգրացիոն ճնշումների կառավարման գործիք և, ի վերջո, որպես գործընկեր, որն ունակ է հավասարակշռելու թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, թե՛ մասամբ Չինաստանին որոշ տարածաշրջաններում։

Թուրքիայի պանթուրքական նախագծերը իրենց սուր ծայրով ուղղված են նաև Ռուսաստանի ներսում գտնվող թուրքական և մուսուլմանական հանրույթների հետ սիմվոլիկ կապեր ստեղծելուն, ինչը Մոսկվայում ընկալվում է որպես խորքային մարտահրավեր Ռուսաստանի բազմազգ կառուցվածքի կայունությանը։ Բացի այդ, Թուրքիայի ակտիվությունն Ադրբեջանի միջոցով նույնպես ազդում է Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասի անվտանգության հիմնական արբիտրի կերպարի վրա։ Այդ ամենը ժամանակի ընթացքում ավելի է սրում ռուս-թուրքական մրցակցությունը՝ ի հեճուկս կարճաժամկետ առևտրային ու տակտիկական համաձայնությունների։

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է հավասարակշռել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի, Եգիպտոսի և մի շարք այլ դերակատարների շահերը։ Սակայն Ուկրաինայի պատերազմի հետևանքով նրա հնարավորությունները թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումով կրճատվել են։ Մինչդեռ Թուրքիան, օգտվելով իր աշխարհագրական դիրքից և ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքից, փորձում է այդ տարածքներում ևս նախաձեռնող դիրքեր զբաղեցնել՝ հաճախ հանդես գալով որպես միջնորդ կամ հումանիտար կամ լոգիստիկ հանգույց։

Այս առումով, երբ Ռուսաստանը քաշվում է հետ կամ նվազեցնում իր ստանձնած պարտավորությունների ակտիվությունը, Թուրքիայի ազդեցության աճն անխուսափելի է դառնում, որովհետև տարածաշրջանի երկրները միշտ հակված են համագործակցել այն ուժի հետ, որն ունի ռեսուրս և պատրաստակամություն իրականացնելու իր խոստումները։ Եթե Մոսկվան չի կարող ապահովել այնպիսի ներգրավվածություն, ինչպիսին նախկինում, ապա պետությունները, որոնք նախկինում կողմնորոշվում էին դեպի ռուսական հովանավորություն, սկսում են ավելի ակտիվ նայել դեպի Անկարա։

Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ հեռանկարային առումով Ռուսաստանի տարածաշրջանային գլխավոր մրցակիցը լինելու է ոչ թե ԱՄՆ-ը կամ Եվրոպան, այլ հենց Թուրքիան։ Սա մի իրողություն է, որը Մոսկվայում պետք է հաշվի առնեն՝ հատկապես իրենց ապագայի ռազմավարական տեսլականը գծելու տեսանկյունից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ Միրզոյան
Ամենադիտված