Հայերեն


Արմեն Գևորգյան. Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը. հիշողություն, արժանապատվություն և երկխոսություն

Քաղաքականություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։ Փոփոխված իրականության պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների անհրաժեշտությունը Հայաստանի համար կենսական խնդիր է։ Առաջիկայում անդրադառնալու եմ նաև այլ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում նոր անհրաժեշտ բովանդակություններին։

Փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում մեզ պետք է բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում, նոր իմաստային մոտեցումներ ձևավորել։ Դրանք պետք է ելնեն պատմական արժանապատվության և ազգային պատասխանատվության այնպիսի հայեցակարգից, որը միավորում է հիշողության հանդեպ հարգանքը և ռազմավարական ողջախոհության անհրաժեշտությունը։

Հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն պատկանում է նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտին։

Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների։ Դրանք կոչված են հակադրության նեղ շրջանակից հայկական հիշողությունն ազատելու և նրան վերադարձնելու ստեղծարար ուժն ու քաղաքական բարձրությունը՝ դարձնելով այդ հիշողությունը նոր ազգային ինքնաճանաչման և արժանապատվության աղբյուր։

Անվտանգության կուտակման «+1» դոկտրինի շրջանակներում պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության: Սա չի նշանակում անցյալից հրաժարում: Սա նշանակում է՝ հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:

Անխուսափելի հարցը

Մեր առջև անխուսափելիորեն կանգնած է մի հարց․

ինչպե՞ս հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ անցյալը փակի ապագայի ճանապարհը։

Այդ հարցի պատասխանը չպետք է վերածվի կոչի՝ «ամեն ինչ զրոյից սկսելու»։ Պատմությունը չի չեղարկվում, ողբերգությունը չի զրոյացվում, արդարությունը չի կարող լինել առևտրի առարկա։ Հայոց ցեղասպանությունը քննարկման ենթակա թեմա չէ, ոչ էլ` ճնշման գործիք։ Դա պատմական ճշմարտություն է և մեր ազգային հիշողության բարոյական առանցքը։

Բայց հայկական պատմությունը միայն փորձությունների պատմություն չէ։ Դա նաև ստեղծարարության, մշակույթի, հոգևոր տոկունության և աշխատանքի պատմություն է։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն փորձությունների, այլ նաև` արարելու, պահպանելու և հաստատելու շնորհիվ։

Հայերը որպես տարածաշրջանի ստեղծարար պատմության առանցքային բաղադրիչ

Հայերը նշանակալի ներդրում ունեն Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի մշակութային, տնտեսական և մտավոր կերպարի ձևավորման գործում։ Հայերի աշխատանքը, վարպետությունը և հոգևոր մշակույթը դարձել են տարածաշրջանի պատմության օրգանական մաս՝ արտացոլելով քաղաքակրթական ժառանգության հարստությունը։ Այս ճշմարտությունը նույնքան մեծ է, որքան հանցագործության մասին հիշողությունը։ Այն մեզ վերադարձնում է ձիգ կեցվածք և ազգ-արարողի ձայն, այլ ոչ` միայն զոհի։

Այս իրողության ճանաչումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հասունության և պատմական ազնվության ակտ, որը հիմք է ստեղծում փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Այսօր մենք պետք է առաջնային դարձնենք մեր ստեղծարար ուժը և մշակութային ժառանգությունը։ Մենք պահպանում ենք հիշողությունը ոչ թե մեղադրելու, այլ՝ ճշմարտությունը պահպանելու համար։ Ոչ թե վրեժի, այլ՝ կյանքի և ապագայի համար։

Մենք լիովին իրավասու ենք բարձրաձայնելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը Թուրքիայի ներկայիս տարածքում, խոսելու հայկական սրբավայրերի ու հուշարձանների պահպանման մասին, արխիվների հասանելիության, գիտական երկխոսության և հայկական վանական համալիրների, գերեզմանոցների, հին թաղամասերի պահպանման ծրագրերի շուրջ։ Կարևոր է նաև աջակցությունը Թուրքիայում գործող հայկական համայնքներին, այն ծրագրերին, որոնք բացահայտում են հայերի դերը և ներդրումը տարածաշրջանի պատմության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել համատեղ կրթական, գիտահետազոտական և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված հայկական պատմական ներկայության ուսումնասիրմանը և վերականգնմանը։ Սա հարգանքի ձև է՝ մեր հիշողության և մեր ինքնության նկատմամբ։

Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի անվտանգությունը և մեր հիշողության նկատմամբ հարգանքը լինեն ոչ թե խոսքեր, այլ իրականություն։ Դրանց կարելի է հասնել նաև սահմանամերձ ենթակառուցվածքային ծրագրերի, մշակութային ու զբոսաշրջային նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է ընկալումը, որ սա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլև՝ թուրքերին։

Ռեալիզմ և ռազմավարական զգուշություն

Բաց լինելը երկխոսության նկատմամբ չպետք է նշանակի միամտություն կամ զգոնության կորուստ։ Ժամանակակից Թուրքիան վարում է նեոօսմանյան և պանթյուրքիստական քաղաքականություն՝ նպատակ ունենալով ընդլայնելու իր ազդեցությունը և կառուցելու «թյուրքական աշխարհ»։ Այդ ռազմավարությունն անմիջականորեն վերաբերում է Հայաստանի շահերին և նրա անվտանգությանը։ Մենք չենք կարող մեզ պատրանքներ թույլ տալ։

Ապագան հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ուժ, ինստիտուցիոնալ կայունություն, ազգային շահերի և սուբյեկտայնության հստակ գիտակցում։ Մենք չենք փնտրում վստահություն․ մենք ձևավորում ենք այն հիմքը, որի վրա մեզ հետ հաշվի են նստում։ Այդ իսկ պատճառով հիշողությունը չի կարող ընկալվել որպես թուլություն, եթե այն միավորված է արժանապատվության և կանգուն լինելու կարողության հետ։

Ակնհայտ պետք է լինի, որ իրական հաշտեցումը հնարավոր է միայն արժանապատվության, ուժի, ռազմավարական հասունության և զգոնության համադրությամբ։ Ղարաբաղյան աղետից հետո Հայաստանը պետք է առաջնորդվի զուսպ վստահության և պատասխանատու փոխգործակցության ռազմավարությամբ, որտեղ բաց լինելն ուղեկցվում է սթափությամբ և ինքնապաշտպանվելու պատրաստակամությամբ։

Հիշողությունը որպես ուժ

Այս համատեքստում անհնար է չհիշել Իսրայելի փորձը։ Ժողովուրդ, որը կարողացավ Հոլոքոսթի հիշողությունը վերածել պետականության, ազգային արժանապատվության և անվտանգության հիմքի։ Իսրայելը ոչ միայն չմոռացավ, այլև չներեց։ Թույլ չտվեց, որ պատմական ողբերգությունը դառնա այլոց մեկնաբանությունների գործիք։ Իսրայելը հիշողությունը վերածեց ոչ թե էմոցիոնալ արձագանքի, այլ՝ բարոյական հենարանի և ուժի գործոնի։

Իհարկե, սա չի վերաբերում Իսրայելի՝ վերջին տասնամյակների քաղաքականության արդարացմանը։ Հայաստանը չպետք է կրկնի ուրիշի մոդելները։ Կարևոր է միավորել հիշողությունը պետական մտածողության, իսկ պատմությունը՝ ապագա սերունդների առջև պատասխանատվության հետ։ Հիշողությունը կարող է լինել ոչ թե ծանրություն, այլ ներքին զենք և սուբյեկտայնության երաշխիք։

Անհրաժեշտ է առանձնացնել նաև Իսրայելի փորձի մեկ այլ կարևոր կողմ՝ սփյուռքի դերը։ Հրեական համայնքներն ամբողջ աշխարհում դարեր շարունակ պաշտպանել են հիշողությունը, աջակցել պետության հաստատմանը, ձևավորել մտավոր և քաղաքական ազդեցություն։ Սա եղել է ոչ միայն պատմական առաքելություն, այլև ազգային անվտանգության գործիք։

Հայերի համար սփյուռքը միայն հիշողության պահապան չէ։ Դա հսկայական ստեղծարար ռեսուրս է՝ կրթության, մշակույթի, տնտեսության, դիվանագիտության և միջազգային կապերի աղբյուր։ Նոր իմաստներ չեն կարող ծնվել միայն Երևանում։ Դրանց անհրաժեշտ է սփյուռքի ձայնը, մեր ինտելեկտուալ կենտրոնների մասնակցությունը ողջ աշխարհում։ Ազգը, որն ունի սփյուռք, ունի նաև երկրորդ դիվանագիտական կորպուս, երկրորդ ինտելեկտուալ տարածք և իր հիշողությունը պաշտպանելու երկրորդ համակարգ։ Սա առավելություն է, որը մենք պետք է գնահատենք և վերածենք մշտապես գործող մեխանիզմի՝ ազգային ինքնության և արժանապատվության պաշտպանության համար։

Եզրափակում

Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ՝ անցյալի գերի։ Խոսքը ոչ թե ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ունենալու, այլ՝ տարածաշրջանի ընդհանուր պատմության մեջ հայկական ներդրումն ընդունելու մասին է։

Նոր խոսակցությունն սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ՝ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մենք չենք մոռանում և չենք զիջում։ Մենք ասում ենք՝ մենք եղել ենք, մենք կանք, և կլինենք, և մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված